Այսօր լրանում է Սումգայիթյան ջարդերի 28-րդ տարելիցը

12:14 • 27.02.16

 

1988 թ. փետրվարի 27-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիներն սկսեցին հայերի սպանդը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: Դրանք շարունակվեցին մինչև փետրվարի 29-ը:

 

Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, ինչպես նաև Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։

 

Փետրվարի 26-ին՝ դեպքերից մեկ օր առաջ, ԽՍՀՄ առաջին քարտուղար Միխայիլ Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող ավելի քան 200.000 հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով ԼՂԻՄ-ը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու արցախահայության պահանջի հետ։

 


Սումգայիթում կրքերը բորբոքելու համար օգտագործվել են ստահոդ լուրեր. իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը և այլն։

 

Ոճրագործությունը ծրագրավորված է եղել նախօրոք։ Այդ են վկայում ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակների առկայությունը, նախապես մշակված սցենարը և դերերի բաժանումը, ոճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողերի և այլ գործիքների պատրաստումը, թմրանյութերի և ոգելից խմիչքի բաժանումը։ Բացի այդ, անջատված է եղել հայերի հեռախոսային կապը, միտումնավոր չեն գործել ՆԳ և շտապօգնության ծառայությունները, հայերի տեղերը բացահայտելու համար գործի է դրվել պայմանական և ազդանշանային համակարգ և այլն։
 

ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական հազարից ավել սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, հարյուրավոր բռնաբարվածներ, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ, 18.000 փախստականներ, մի քանի հարյուր ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ կողոպտված կրպակներ, խանութներ, արհեստանոցներ և հասարակական նշանակության օբյեկտներ, մի քանի տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ և այլն։

 

Փետրվարի 29-ին խորհրդային զորքեր են մտցվել Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվել են բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել և չի օգնել հայերին։ Միայն երեկոյան դիմել է վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։
 

Ջարդարարներից պատասխանատվության է ենթարկվել միայն 94 մարդ, և նրանցից մեկի նկատմամբ մահապատժի դատավճիռ է կայացվել։
 

Սումգայիթում սպանված հայերի ճշգրիտ թիվը պարզված չէ։ Ադրբեջանի դատախազության տրամադրած տվյալների հիման վրա ԽՍՀՄ դատախազությունը հայտարարել է, որ «Սումգայիթում զոհվել է հայ ազգության 27 քաղաքացի»։ Սակայն ոչ պաշտոնական տվյալներով սպանվածների թիվը հասնում է հազարի, որոնց աճյունները մինչև օրս էլ հայտնաբերվում են Սումգայիթի արվարձաններում նոր շինարարություն կատարելիս։
 

Տեղեկատվությունը վերցված է Wikipedia հանրագիտարանից։