ՌԴ նախագահի հրամանով մարտի 15-ից Սիրիայից դուրս կբերվեն ռուսական հիմնական զորքերը

22:00 • 14.03.16

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է մարտի 15-ից սկսել դուրս բերել ռուսական զորքերը Սիրիայից: Նրա խոսքով` հանձնարարականը, որը դրվել էր բանակի առաջ «ընդհանուր առմամբ կատարվել է»:

Ինչպես հաղորդում է Meduza գործակալությունը` այս հայտարարությամբ ՌԴ առաջնորդը  հանդես է եկել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի  հետ հանդիպման ժամանակ:

«Կարծում եմ, որ ՊՆ-ի առաջ դրված հանձնարարությունները, ընդհանուր առմամբ, իրագործվել են: Այդ իսկ պատճառով հրամայում եմ վաղվանից սկսել  մեր զինվորական խմբերի մի մասի դուրս բերումը Սիրիայից», - ասել է Պուտինը նախարարների հետ հանդիպմանը:

Նա հույս է հայտնել, որ ռուսական զորքերի դուրս բերումը Սիրիայից լավ խթան կդառնա այդ երկրի քաղաքական ուժերի միջև բանակցային գործընթացի համար:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ ռուսական կետերը Տարտուսում և Խմեյմին ռազմաբազայում կշարունակեն աշխատել նախկին ռեժիմով:

Նախագահը հանձնարարել է Լավրովին ակտիվացնել ՌԴ-ի մասնակցությունը Սիրիայում խաղաղ գործընթացի կազմակերպման գործում:

ТАСС գործակալության փոխանցմամբ` ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ համաձայնեցրել է ռուսական զորքերի դուրս բերումը Սիրիայից:

 

 

 

ՌԴ նախագահի հրամանով մարտի 15-ից Սիրիայից դուրս կբերվեն ռուսական հիմնական զորքերը