17-19-ին հանրապետության հովտային հատվածներում ակնկալվում է ցրտահարություն, հնարավոր է այն կրկնվի նաև մարտի 21-ին

13:48 • 16.03.16

Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան եղանակի կտրուկ փոփոխությանը, մասնավորապես ջերմաստիճանի կտրուկ նվազմանը:


Գագիկ Սուրենյանն ասաց, որ արդեն երեկ ցերեկը օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում նվազել է 10-13 աստիճանով, 8-10 աստիճանով նվազել ու է նաև  առաջիկա գիշերը: Հովտային շրջաններում գիշերը գրանցվել է  արդեն բացասական ջերմաստիճան՝ մինուս 1-ից մինչև մինուս 2 աստիճան, իսկ Երևանում եղել է 0-+ 1 աստիճան:


Նա նշեց, որ հանրապետության մի շարք շրջաններում տեղացել է ձյուն և  Գորիսում ձյան ծածկը այս պահին հասնում է 24 սմ-ի, Սիսիանում՝ 16 սմ-ի, Քաջարանում՝ 7 սմ-ի: «Այսօր առկա ամպամածությունը առաջիկա գիշերը զգալիորեն կնոսրանա: Ճիշտ է եղանակի լիարժեք պարզեցում հովտային գոտիներում չի կանխատեսվում, բայց համեմատության մեջ կիսով չափ կնոսրանա, ինչը կբերի լրացուցիչ ջերմաստիճանի անկման: Նման պայմաններում այսօր գիշերը Տավուշի հովտային հատվածներում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային հատվածներում արդեն ակնկալվում է օդում 0-ից մինչև 2 աստիճան ցուրտ:  Այսօր Տավուշի հովտային հատվածներում, Սյունիքի հատվածներում, Արարատյան դաշտում օդում  0-2 աստիճան ցուրտ է ակնկալվում»,- ասաց նա:


Գագիկ Սուրենյանը նշեց, որ մարտի 18-ի գիշերը օդի ջերմաստիճանի նվազումը կշարունակվի, այս գիշեր արդեն նշված տարածքներում օդում ակնկալվում է 2-ից 4 աստիճան ցուրտ, որը կպահպանվի 19-ի գիշերը: «Այսինքն՝ երեք օր անընդհատ ՝17-19-ին, հանրապետության հովտային հատվածներում ակնկալվում է  ցրտահարություն»,- ասաց նա և նշեց, թե որքանով ինտենսիվ կլինի այն, ամբողջությամբ կախված է ամպամածության պատկերից:


«Եթե մարտի 17 լույս 18-ի գիշերը Արարատյան դաշտում նկատվեց  եղանակի լիարժեք պարզեցում, ներկայացված պատկերը կարող  է շատ ավելի խիստ լինել, այսինքն՝ օդի ջերմաստիճանը հնարավոր է լինի շատ ավելի ցածր, քան այս պահին ներկայացված ցուցանիշներն են»,- ասաց նա։


Նա հայտնեց նաև, որ մարտի 20-ին հաջորդ ցիկլոնն է մոտենում. կսկսվեն  տեղումներ,  լեռնային և նախալեռնային շրջաններում կտեղա  ձյուն, որը կուղեկցվի բքով, տեսանելիության անկմամբ, ճանապարհները կպատվեն մերկասառույցներով: «Մարտի 21-ին կրկին կանխատեսվում է եղանակի պարզեցում և չի բացառվում, որ հովտային շրջաններում ցրտահարությունը կրկնվի»,- ասաց նա:


Փոխնախարարն ասաց, որ այն, ինչ կանխատեսվում է, անակնկալ չէ: Նա նշեց, որ Արարատյան դաշտի առանձին հատվածներում ծաղկումը նույնիսկ ավարտին է մոտենում , բայց կան այգետարածքներ, որտեղ բողբոջները նոր են բացվում: «Կան  հնարավոր  միջոցներ, տարբերակներ, որոնք կարելի է կիրառել և հնարավորինս նվազեցնել ցրտահարության վտանգները։ Մեր այգեգործները պետք է պատրաստ լինեն, մենք նախազգուշացրել էինք, որ պատրաստեն ծխակույտեր և բացասական ջերմաստիճանի դեպքում օգտագործեն դրանք»:


Նա նշեց, որ մարտի 18-ի և մարտի 19-ի գիշերային ժամերին միանշանակ  պետք է դիմել այդ միջոցներին, իսկ որտեղ կա ոռոգման հնարավորություն, ապա այգիները պետք է ոռոգել:


Նա նշեց, որ կա իրական հնարավորություն ցածր ջերմաստիճանի դեպքում պաշտպանվածություն իրականացնել։


Գառնիկ Պետրոսյանը անցած տարիների փորձից ելնելով խորհուրդ տվեց ճիշտ կատարել ծխակույտերի ծխեցումը, քանի որ շատ հաճախ ցրտահարության նախօրյակին՝ երեկոյան ժամերին, երբ դեռևս դրական ջերմաստիճան է և որևէ վտանգ չկա, սկսում են ծխեցումը։ «Այդ ծխակույտերը պետք է ծխեցնել, երբ ջերմաստիճանը մոտենում է 0 աստիճանին: Երբեք չպետք է թույլ տալ, որ կրակը բոցավառվի, քանի որ դա արդյունք չի տա»,-ասաց նա և նշեց, որ  այդ կույտերը  պետք է ծածկել թաց նյութերով կամ հողով:


Նա նշեց, որ շատ լավ կլինի, որ դա համախմբված արվի ու շեշտեց, որ պետք է տասնյակ ծխակույտեր պատրաստել: «Մենք հույս ունենք, որ դեղձենին, կամ կորիզավոր մյուս պտուղները  շատ չեն տուժի։ Արդյունաբերական նշանակություն ունեցող պտղատեսակներից հիմնականում ամենախոցելին ծիրանենին  է»,- ասաց նա և կոչ արեց ուշադիր լինել սինթետիկ թաղանթների տակ մշակվող բանջարաբոստանային մշակաբույսերի, բանջարեղենի սածիլների  պահպանությունը ապահովելու հարցում և նշեց, որ կա իրական հնարավորություն հարյուր տոկոսանոց արդյունք ապահովելու. պարզապես պետք է  կրկնակի ծածկոց օգտագործել:
 

17-19-ին հանրապետության հովտային հատվածներում ակնկալվում է ցրտահարություն, հնարավոր է այն կրկնվի նաև մարտի 21-ին