ՌԴ Ռոստովի մարզի նահանգապետը նշել է ինքնաթիռի կործանման միակ վարկածը
Դոնի Ռոստովում Boeing ինքնաթիռի կործանման պատճառ է նշվում միայն եղանակային պայմանների վարկածը: Այս մասին հայտարարել է ՌԴ Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը, փոխանցում է Лента-ն:
Միևնույն ժամանակ, երկրի տրանսպորտի նախարարությունում նշում են աղետի մի քանի հնարավոր պատճառներ, այդ թվում` FlyDubai ընկերության օդաչուների հնարավոր սխալը:
«Քննարկվում են մի քանի վարկածներ, դա և՛ եղանակային վատ պայմաններն են, և՛ օդաչուների հնարավոր սխալը»,- հայտնել է տրանսպորտի նախարարի խորհրդական Ժաննա Տերեխովան:
Հիշեցնենք, որ FlyDubai FZ-981 չվերթն իրականացվել է մարտի 18-ին՝ տեղի ժամանակով ժամը 22:37-ին, և պետք է ժամաներ 01:40-ին: Ինքնաթիռը կործանվել է վայրէջք կատարելիս Դոնի Ռոստովի օդանավակայանում: Վերջին տվյալների համաձայն` օդանավում եղել է 62 մարդ: Նրանք բոլորը մահացել են, հայտնել է ՌԴ ԱԻՆ-ը:
Flightradar24.com-ի տվյալներով` ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել ավելի քան 2 ժամ:










