Բրյուսելցի տաքսիստն օգնել է ոստիկանությանը գտնել չպայթած ռումբերը. La Derniere Heure

11:10 • 23.03.16

Բրյուսելի ոստիկանությանը հաջողվել է պայթուցիկ նյութեր գտնել օդանավակայանում և Սկարբեկ համայնքում գտնվող բնակարանում` շնորհիվ տաքսու վարորդի տված տեղեկության, գրում է La Derniere Heure թերթը։


Աղբյուրը հայտնում է, որ տղամարդը ենթադրյալ ահաբեկիչներին բերել է օդանավակայան:

 

Լրատվամիջոցներից լսելով հանցագործների մասին` նա անհապաղ կապվել է ոստիկանության հետ և հայտնել, որ իր ուղևորներն իրենց հետ ունեցել են ոչ թե 3 պայուսակ, ինչպես երևում է տեսախցիկներում, այլ ավելի շատ:

 

Այդ ցուցմունքներն էլ օգնել են իրավապահ մարմիններին գտնել չպայթած ռումբը Բրյուսելի օդանավակայանում:


Բացի այդ, վարորդը հայտնել է այն հասցեն, որտեղից վերցրել է իր հաճախորդներին: Նա նշել է, որ ուղևորները ցանկացել են իրենց հետ ավելի շատ պայուսակներ վերցնել, սակայն մեքենայում տեղ չի եղել:

 

Նշված հասցեով զննման ընթացքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք` լցված մեխերով, ինչպես նաև քիմիական նյութեր և ԻՊ-ի դրոշ։

 

Մարտի 22-ին Բրյուսելում 3 պայթյուն է հնչել` 2-ը օդանավակայանում և մեկը մետրոյում: Երեկ հաղորդվում էր մետրոյի 3 կայարաններում պայթյունների մասին։ Պայթյունների հետևանքով մահացել է 31 մարդ, ևս 250 մարդ վիրավորվել է։

Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։

 

Բրյուսելցի տաքսիստն օգնել է ոստիկանությանը գտնել չպայթած ռումբերը. La Derniere Heure