Քերին ու Լավրովը կատակել են իմաստության մասին
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին անցած ծննդյան օրվա կապակցությամբ ու կատակել. «39 տարեկանի համար հրաշալի տեսք ունես»: Ապա նա ՌԴ արտգործնախարարին իմաստնություն է մաղթել, հայտնում է Взгляд-ը։
«Ցանկանում եմ օգտվել պահից և շնորհավորել ծննդյանդ օրը: Հուսով եմ, որ այս տարիքը քեզ լրացուցիչ իմաստություն կտա այս բանակցությունների անցկացման համար: 39 տարեկանի համար հրաշալի տեսք ունես»,-ասել է Քերին:
Ռուսական և ամերիկյան դիվանագիտությունների ղեկավարները սրամիտ դիտարկումներ են փոխանակել:
«Ջոն, շնորհակալ եմ, սակայն եթե իմաստությունը ծննդյան օրերի քանակով չափենք, ապա ես չեմ կարող հասնել քեզ»,-ասել է Լավրովը:
Պատվիրակություններն այս բառերը ծիծաղով են ընդունել: «Կարևոր է, որ հարգես քեզնից մեծերին»,-ասել է Քերին:
Մարտի 21-ին Լավրովը դարձել է 66 տարեկան, իսկ Քերին նախորդ տարեվերջին՝ 72 տարեկան։










