ԱՄՆ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի անկախությունը

10:01 • 30.03.16

ԱՄՆ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն բանաձև է ընդունել՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանությունը։

 

«Մենք նոր տեղեկություն ենք ստացել Հոնոլուլուի մեր ընկերներից, որը հաստատում է, որ այսօր Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն բանաձև է ընդունել՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»,- գրված է հաղորդագրությունում։

 

Բանաձևում համերաշխություն է հայտնվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն։

 

Պալատը կփոխանցի փաստաթղթի վավերացված պատճենը Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդներին։

 

Այսպիսով՝ Հավային դարձել է յոթերորդ նահանգը, որը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ Ռոդ Այլենդի, Մասաչուսեթսի, Լուիզիանայի, Մեյնի, Կալիֆոռնիայի և Ջորջիայի հետ միասին:

 

 

 

 

ԱՄՆ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի անկախությունը