Բելգիան խնդրել է ԱՄՆ-ին օգնել Բրյուսելի ահաբեկչությունների բացահայտման գործում. The Wall Street Journal
Բելգիայի իշխանությունները դիմել են ԱՄՆ-ին՝ խնդրելով լրացուցիչ օգնություն տրամադրել Բրյուսելում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունների բացահայտման հարցում, գրում է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն սկսել է ահաբեկչությունների սեփական հետաքննությունն այն բանից հետո, երբ հաստատվել է ԱՄՆ քաղաքացիների մահվան մասին տեղեկությունը:
Բելգիական իշխանությունների` ինքնուրույն հետաքննություն վարելու անկարողության պատճառով ՀԴԲ-ն որոշել է ուժեղացնել աջակցությունը և Բրյուսել է ուղարկել իր մասնագետներին:
Թերթը նշում է, որ ամերիկացի պաշտոնյաները հայտնել են այն մասին, որ վերջին շրջանում բելգիացիները սկսել են ավելի համարձակ կիսվել ահաբեկչությունների մասին տեղեկություններով:
Օրինակ՝ գերատեսչությանն են փոխանցվել հետաքննության նյութեր` կոշտ սկավառակների կրկնօրինակներ համակարգիչներից և տվյալներ, որոնք պահվում են բջջային հեռախոսներում:
«Նրանք ավելի բաց են օգնության համար, նրանք սկսում են հասկանալ, որ օգնության կարիք ունեն»,- ասել է աղբյուրներից մեկը:
Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 32 մարդ, ևս 250-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:










