Լավրովը բանակցություններ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի առնչությամբ, և կոչ է արել ազդել իրավիճակի վրա՝ Ղարաբաղում բռնությունների դադարեցման համար։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Շփման գծում մարտական գործողությունների վերսկսման վերաբերյալ ՌԴ նախագահի արձագանքից, ինչպես նաև իրավիճակի կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շփումներում ռուսական կողմի ձեռնարկած քայլերից հետո Սերգեյ Լավրովը բանակցել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարությունների ղեկավարների հետ և կոչ է արել ազդել իրավիճակի վրա՝ բռնության դադարեցման համար»,- հայտնել են ռուսական գերատեսչությունից։
Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում ուղղաթիռից բացի կորցրել է նաև անօդաչու թռչող սարքեր և տանկեր։










