Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարո Փայլանը կոչ է արել Ցեղասպանության ժամանակ հայ գործիչների սպանությունը հետաքննող հանձնաժողով կազմել

19:05 • 22.04.16

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ելույթ ունենալով`  «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ, Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարո Փայլան ապրիլի 21-ին  առաջարկել է հանձնաժողով կազմել 1915-ին հայ քաղաքական գործիչների սպանությունները հետաքննելու համար:

 

Ինչպես փոխանցում է The Armenian Weekly-ն` խորհրդարանին ուղղված իր ելույթում Փայլանը ընթերցել է 1915-ին սպանված մի շարք հայ գործիչների անունները և ցույց տվել նրանց նկարները, որոնց թվում էին Գրիգոր Զոհրապը (Ստամբուլ), Պետրոս Հալաջյանը (Ստամբուլ), Նազարեթ Դաղավարյանը (Սիվաս), Կարապետ Փաշայանը (Սիվաս), Օհանես Սերինգյուլյանը (Էրզրում), Օնիկ Տերսեքյանը (Վան), Համբարձում Բոյաջյանը (Կոզան), Վահան Փափազյանը (Վան), Հակոբ Պապիկյանը (Թեկիրդագ), Գեղամ Տեր-Կարապետյանը (Մուշ), Հակոբ Բոյաջյանը (Թեկիրդագ), Գարեգին Փաստերմաջյանը  (Էրզրում) և Արթին Բոշկեզանյանը (Հալեպ):


Փայլանը ներկայացրել է յուրաքանչյուր հայ գործչի ճակատագիրը: Իր ելույթը սկսելով հայերեն «Բարև Ձեզ»-ով` Փայլանը դատապարտել է քաղաքական գործիչների սպանությունը և հայտարարել, որ Թուրքիան պետք է հաշվի նստի իր պատմության հետ: Փայլանը բողոք է հայտնել առ այն, որ որոշ վայրեր Թուրքիայում անվանվել են Հայոց ցեղասպանության կազմակերպիչների և իրագործողների անուններով:


«Կարո՞ղ եք պատկերացնել այցելել Գերմանիա և զբոսնել Հիտլերի պողոտայով», - ասել է Փայլանը:
Փայլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ընտրվել է 2015-ի հունիսի 7-ին և վերընտրվել 2015-ի նոյեմբերին:

 

Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարո Փայլանը կոչ է արել Ցեղասպանության ժամանակ հայ գործիչների սպանությունը հետաքննող հանձնաժողով կազմել