«Ավրորա». աշխարհը փոխելու հավակնություններ ունեցող հայկական բրենդ

10:11 • 23.04.16

«Ավրորա» մրցանակ և «Ավրորա» մրցանակաբաշխություն արտահայտությունները վերջին շրջանում հաճախ են հայտնվում զանգվածային լրատվամիջոցների էջերին, հասարակ մարդկանց խոսակցություններում: Ամեն տարի ապրիլի 24-ին շնորհվելիք այս մրցանակը աշխարհը փոխելու և ինչու ոչ, հայկական խաղաղության նոբելյան մրցանակ դառնալու հավակնություններ ունի. նոր բրենդն աստղային անձնակազմ է հավաքել առաջին իսկ տարում:

 

Բավական է միայն նշել դերասան Ջորջ Քլունիի և լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի անունները, ովքեր եկել են Հայաստան` հատուկ «Ավրորա»-ին մասնակցելու համար: Մինչ արարողությունը «Արմենպրես»-ն առաջարկում է ծանոթանալ մրցանակի ստեղծման պատմությանը, հասկանալ` ինչու է այն այդպես կոչվում և պարզել, թե ինչ անակնկալներ են պատրաստել նախաձեռնության հեղինակները:
 

Ինչո՞ւ «Ավրորա»

 

Հին Հռոմում Ավրորան արշալույսի աստվածուհին էր. մրցանակը նպատակ ունի լույս սփռել այն հերոսական ջանքերին, որոնք թեպետ հաճախ մնում են աննկատ, բայց ավելի լուսավոր են դարձնում դժվարության մեջ գտնվողների կյանքը: Մրցանակը կրում է նաև Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանի անունը: Նա Հայոց ցեղասպանության տարիներին երեխա էր, երբ հոր և եղբայրների սպանության ականատեսը դարձավ։ Հաղթահարելով բոլոր վտանգները՝ նա ողջ մնաց և աշխարհին պատմեց 1915թ. տեղի ունեցած վայրագությունների մասին։


Ցեղասպանության մասին նրա վկայությունները 1918թ. տպագրվել են Նյու Յորք և Լոս Անջելեսի թերթերում, իսկ նույն տարվա դեկտեմբերին լույս է տեսել «Հոշոտված Հայաստան» խորագրով գիրքը: Շապիկին Արշալույսի լուսանկարն էր` հայկական ավանդական զգեստը հագին: 1918թ. կինոռեժիսոր Օսկար Ափֆելը սկսել է աշխատել այդ գրքի վրա հիմնված համր կինոնկարի վրա, որի գլխավոր դերը վստահվել է Արշալույսին` Ավրորա Մարդիգանյան անվան ներքո, որն ընտրվել էր նրա ինքնությունը պաշտպանելու նպատակով: «Հոշոտված Հայաստան» ֆիլմը, որը հայտնի է նաև «Հոգիների աճուրդ» անվամբ, առաջին անգամ ցուցադրվել է 1919թ. հունվարին Վաշինգթոնում:

 

Ովքե՞ր են «Ավրորա» մրցանակի հիմնադիրները


The Aurora Prize for Awakening Humanity/«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկն է։ Հիմնադիրները փորձում են ձևավորել մարդասիրական համաշխարհային նոր շարժում։


«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով:

 

Ո՞վ է հանձնելու «Ավրորա» մրցանակը
 

Ապրիլի 24-ին Երևանում կայանալիք արարողությանը Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին հաղթողին կհանձնի անդրանիկ «Ավրորա» մրցանակը։ Որպես ճանաչված դերասան և ռեժիսոր՝ իր կարիերայի ընթացքում Ջորջ Քլունին հիմնել և աջակցել է բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների։ Նրա մարդասիրական ջանքերը լայն ճանաչում են ունեն աշխարհում։

 

Մրցանակի դափնեկիրն ստանալու է 100.000 ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։
 

Ովքե՞ր են «Ավրորա»-ի հավակնորդները

 

Մրցանակի չորս հավակնորդներն են Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից: «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները ներկայացրել են այն կազմակերպությունները, որոնք կարող են ստանալ 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ. Ապրիլի 24-ին «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխության ընթացքում հայտնի կդառնա դափնեկիրն ու դրամաշնորհն ստացող կազմակերպությունների անունները:

 

Ո՞վ կարող է դառնալ մրցանակի դափնեկիր

 

«Ավրորա» մրցանակի կարող է առաջադրվել մարդասիրական բացառիկ քայլեր կատարած յուրաքանչյուր մարդ կամ մարդիկ։ Դափնեկիրը ճանաչման է արժանանում անձնվիրաբար և բացառիկ ջանքերով մարդկանց օգնելու համար՝ անտեսելով սեփական առողջությանն ու ազատությանն սպառնացող իրական վտանգները։ Յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ խորհրդարանների, կառավարությունների, գիտահետազոտական կամ այլ հիմնարկությունների անդամները, կարող են առաջադրել թեկնածություններ:
Պատրաստեց Ռոզա Գրիգորյանը


 

«Ավրորա». աշխարհը փոխելու հավակնություններ ունեցող հայկական բրենդ