Փոխզիջումը միշտ է հնարավոր. Коммерсантъ-ի անդրադարձը՝ Սարգսյան-Ալիև հանդիպմանը
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Վիեննայում մայիսի 16-ին առաջին հանդիպումն են ունեցել Լեռնային Ղարաբաղում ապրիլին իրադրության սրացումից հետո։ Բանակցություններն ընթացել են Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Коммерсантъ-ի թղթակից Գալինա Դուդինան մանրամասներ է ներկայացրել Վիեննայից։
Անդրադարձը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Նախագահներ Սարգսյանի ու Ալիևի հանդիպումն առաջինն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումից հետո։ Նախ նախագահներն առանձին երկկողմ հանդիպումներ ունեցան միջնորդ նախարարների հետ, ապա հավաքվեցին վիեննական շքեղ Bristol հյուրանոցի դահլիճում։
Հանդիպման մասնակիցները նստեցին սեղանի շուրջ այնպես, որ երկու նախագահները դեմ- դիմաց հայտնվեցին, իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Սերժ Սարգսյանի կողքին։
«Այսօր երկար օր էր Վիեննայում,-կեսգիշերին մոտ լրագրողների հետ տպավորությունները կիսեց ՌԴ ԱԳ նախարարը,-Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպում տեղի ունեցավ։ Դա ամերիկյան կողմի նախաձեռնությունն էր, մենք՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ենք հանդիսանում»։
Լավրովը հիշեցրեց, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ներկայացված էին արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների, իսկ Ֆրանսիան՝ ԱԳ նախարարի առաջին տեղակալի մակարդակով։
Հանդիպման արդյունքում հայտարարություն է արվել, որի հիմնական կետերը Լավրովը ներկայացրեց լրագրողներին։
Նախ նա հայտարարեց, որ հանդիպման ընթացքում «պայմանավորվել են հրադադարի և կրակի դադարեցմանը հետևելու անհրաժեշտության մասին»՝ համաձայն 1994-1995 թվականների պայմանավորվածությունների։
Բացի այդ, որոշվել է մշակել կոնկրետ քայլեր՝ շփման գծում միջադեպերի հետաքննման համար, և օգնել ԵԱՀԿ-ին՝ անհետ կորածների խնդրի լուծման հարցում։
Վերջապես, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն արդեն հունիսին պետք է պայմանավորվեն, թե երբ և որտեղ են հանդիպելու նոր բանակցությունների համար։
«Փոխզիջումը միշտ է հնարավոր»,-հավաստիացրել է Լավրովը՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնության հասնեն։
«Առնվազն, եթե նման հնարավորություն չլիներ, Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կդադարեին դրանով զբաղվել։ Մենք կենտրոնացած ենք հակամարտության ամբողջական կարգավորման հասնելու վրա»,-ասել է նա»։
Հիշեցնենք, որ Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը:
Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:










