Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել
Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան մոտ մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ ադրբեջանցի ակտիվիստներ Բայրամ Մամեդովի ու Գիյաս Իբրահիմովի ձերբակալություններով պայմանավորված, հայտնում է contact.az-ը։
Ցուցարարները պահանջել են ազատ արձակել երիտասարդ ակտիվիստներին, որոնք ձերբակալված են ապօրինի թմրաշրջանառության կեղծ մեղադրանքով։
Ակցիայի մասնակիցները Մամեդովի ու Իբրահիմովի, ինչպես նաև ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի նկարներով շապիկներ են կրել։
Նման ակցիաներ ադրբեջանցիները ցանկանում են անցկացնել նաև այլ եվրոպական երկրների դեսպանատների մոտ։
Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանատների մոտ պաստառներ են փակցվել՝ «Մենք ստրուկներ չենք, թմրամոլներ չենք։ Մենք երիտասարդներ ենք, որոնց ցանկանում եք ոչնչացնել» գրությամբ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է «խոշոր թմրավաճառների» ձերբակալության մասին, սակայն պարզվում է՝ խոսքը NIDA ընդդիմադիր շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովի և Գիյաս Իբրահիմովի ձերբակալության մասին է:
Մամեդովը հերքել է իրեն ներկայացված մեղադրանքը՝ հայտարարելով, որ իրեն իրականում ձերբակալել են Հեյդար Ալիևի արձանին գրառման պատճառով:










