Կիմ Չեն Ընի մորաքույրն առաջին անգամ լրատվամիջոցներին պատմել է, թե ինչպիսին է եղել նա մանուկ հասակում (լուսանկար)
1998 թվականից Միացյալ Նահանգներում բնակվող Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մորաքույրը երկար տարիների ընթացքում առաջին անգամ խոսել է լրագրողների հետ, գրում է The Washington Post-ը։

Կիմ Չեն Ընի 60-ամյա մորաքույրը և նրա ամուսինը՝ Լի Գանը, լքել են երկիրը 1998 թվականին։ Լրագրողների տվյալների համաձայն՝ անգամ 18 տարի անց նրանք Կենտրոնական հետախուզական վարչության՝ ԿՀՎ-ի համար տեղեկության աղբյուր են հանդիսանում, երբ հարկավոր է լինում ճանաչել որևիցե մեկին փակ սոցիալիստական երկրի ղեկավար կազմում։ Գերատեսչությունում, ի դեպ, այդ տեղեկությունը չեն մեկնաբանում։
Կինը հաստատել է, որ Կիմ Չեն Ընը ծնվել է 1984 թվականին (նշենք, որ նրա տարիքը գաղտնի է պահվում-Խմբ.), ինչպես իր որդին, որի հետ նրանք խաղացել են մանուկ հասակում։ Նա նաև պատմել է որ Կիմ Չեն Ընը 1996-ին ապրել է Շվեյցարիայում, նրա ավագ եղբայրը՝ Կիմ Չոն Չհոլը, այնտեղ է ապրել 1992-ից։
«Մենք ապրում էինք նորմալ տան մեջ՝ որպես նորմալ ընտանիք, ես մոր դեր էի կատարում։ Ես առաջարկում էի նրան ընկերներին տուն հրավիրել, որովհետև նա պետք է ապրեր նորմալ կյանքով։ Նրանք քաղցրավենիք էին ուտում ու «Լեգո» խաղում»,- պատմել է Հս. Կորեայի առաջնորդի մորաքույրը Շվեյցարիայում ապրած տարիների մասին։
Նա պատմել է նաև, որ երեխաներին տարել է Փարիզի «Դիսնեյլենդ»։ Կիմ Չեն Ընը նաև Ալպերում դահուկ է քշել, այցելել իտալական ռեստորաններ։ Մանուկ հասակում նա բասկետբոլի մոլի երկրպագու էր և երկրպագում էր Մայքլ Ջորդանին։











