Տոն, որ այսօր մեզ հետ չէր
Դրսում 2016-ի մայիսի 28-ն է. տոնը սիրտուհավես է ուզում մեզնից, բայց միանգամից հարյուր որդուն հողում թմբածի տանն ինչ դափուզուռնա, ինչ կյանքուհավես:
Երդվյալ պրագմատիկների օպերատիվության հետևից ով կհասնի, ձեռաց գրեցին ու ստորագրեցին՝ պատերազմը եկավ, որովհետև խախտվեց հակառակորդների տնտեսական և ռազմական բալանսը: Մտքի այլ շարժ, գաղափարական այլ մանևր չի ընդունվում և վերջ: Ուրեմն թող մեծ քարն առնեն ու սուրան այս կողմի վրա. պատերազմը մեր մեջ է, խախտվել է մեր բարոյականության բալանսը, գնդակոծվել են մեր խղճի ու մտքի սահմանները, լղոզվել են խելոքի և հիմարի, արդարության և սրիկայության բաժանարար գծերը, 25 տարվա անդուլ և հետևողական ջանքով խժռված է մեր անկախության ստատուս քվոն:
Մարդն է հողը: Եվ եթե այդ մարդ-հողը խաղաղ չէ, պատերազմը նրան երկար չի փնտրում: Երկինքն, իհարկե, դատարկ չէ, Արարիչն իր ծածկալեզվով հազար նշան մեզ ուղարկեց, հազար անգամ թակեց Հայաստանի դուռը: Ու հիմա անիմաստ է ծռմռել ասելիքը, ուղիղ էլ գրենք՝ եթե գոնե տասը, իննը կամ գոնե ութ արդար արթնանար քո քաղաքում, քեզնից չէր պահանջվի ամենամեծ զոհողությունը, ավելի ճիշտ՝ ինքնազոհությունը՝ քո հարյուր երեխաների ողջակիզումը:
Ապշել կարելի է այն գերմարդկային ուղեղի վրա, որտեղ ծնվել է մեր 18, 20 տարեկան երեխաներին առաջնագիծ նետելու գաղափարը, բայց իր սրտում նա մի կտոր Աստված ունեցել է հաստատ. Հայրը կանգնում է արդարների կողքին, Հայրը հաջողացնում է արդարների գործը և հրաշքը եղավ՝ այլ տեղ չփնտրենք մինչև ատամները զինված հակառակորդի երկրից դուրս շպրտվելու փաստը:
Այս ինչ պատիժ է, որ միևնույն մարտադաշտում հայտնվեցին նույն թշնամուն մեկ անգամ արդեն հաղթած զինվորի որդին ու թոռը: Սա ավելին է, քան ողբերգությունը: Բայց երբ խաղաղությունը չի աշխատում առաջընթացի օգտին, խաղաղությունը վախենում է առաջընթացից և թաքնվում կայունություն կոչված պահածոյի տուփի մեջ, պատերազմը ելք է, դաժան, բայց, այնուամենայնիվ՝ ելք: Սա ամենևին էլ պատերազմի կոչ չէ. ցանկացած ընտրություն կամ անցյալի կամ ապագայի օգտին է. անցյալը հինն է, այն, ինչ ունենք այսօր, և որին անգամ քաղաքական սեքընդ-հենդն է արդեն ընդդիմանում, իսկ ապագայի օգտին կատարվող ցանկացած ընտրություն նախ կայունությունն է քանդում: Իսկ պատերազմն ամեն օր է, ամեն ժամ. այն քեզ ոտքից գլուխ չափում և վերաիմաստավորում է և երբ հրաժարվում ես քո բաժին փոքրիկ պատերազմներից, այն ծավալվում է արդեն ողջ երկրիդ լայնքուերկայնքով: Եվ ուրեմն, կամ դեպի անցյալ կամ՝ ապագա: Ընտրության հարց է, բայց ամեն դեպքում, ցանկացած ընտրություն ունի իր գինը, և միայն զոհն է խուսափում վճարել դրա դիմաց, իսկ հետո ստիպված է լինում այլոց ընտրությունը սպասարկել սեփական որդիների արյամբ:
Հայաստանը գաղափարական քաղցի մեջ է. նույն մտքերի, նույն կարծրատիպերի, նույն կառավարիչների ճիրաններում, իսկ արդիականացվող աշխարհի ամենասիրելի երեխաները հենց նրանք են, ում զանգվածային միտքն ու ճաշակը դեռ երեկ անկյուն էր կանգնեցնում: Այսօր արդեն նոր քաղաքակրթությունը անհատականի և համայնականի հավերժ հակամարտությունը լուծել է առաջինի օգտին և հետարդյունաբերական աշխարհի գաղափարական ստնտուն դարձել են հենց գաղափարակիր, գաղափարագար մարդ-համակարգերը: Թվում է, եկել է ստեղծագործության, այսինքն՝ մեր ժամանակը, ուր մի ծածուկ սենյակում նստած կարելի է ուղղակի ոտուգլուխ անել մեկ ուռկանի մեջ հայտնված այս խելագար աշխարհը:
Մի փոքրիկ մրջյունն անգամ տիեզերքի մասնիկ է և ուրեմն՝ ունի առաքելություն: Եվ հավերժ փառք այդ ժրաջան միջատներին, որովհետև գոնե ես չեմ տեսել իր առաքելությունից շեղված գեթ մեկ մրջյուն: Անշուշտ, նրան էլ են հետապնդում ու ոտատակ տալիս բազում ելուզակներ, բայց գոնե ես չեմ հանդիպել թեկուզ մի մինուճար մրջյունի, որը կփորձեր նմանակել իր հակառակորդին: Այդպիսի ոչխարի, խոզի, ձիու էլ չեմ տեսել, այն դեպքում երբ ամեն օր հանդիպում եմ մարդկանց, որոնք պնդելով պնդում են, որ թուրքի հետ պետք է վարվել թուրքավարի: Միգուցե կենդանիները բնազդով են զգում, որ տիեզերքն իր Կարգն ունի և նրա յուրաքանչյուր բնակիչ մի անկրկնելի էություն է և պարտավոր է պահել իր արարչաստեղծ տեսակը: Բայց մարդիկ, մարդկանց երկիրն էլ, կարծեմ, դուրս չէ տիեզերական ամբողջությունից, մարդն էլ, կարծեմ, տիեզերական միասնականության մեջ է, և երբ նա խճճում է իր ինքնության թելերը իր կենսամիջավայրի էներգետիկան դուրս է գալիս իր դեմ և քանդում, ավերում իր զբաղեցրած արեալը, ճղակոտոր անում նրա կենաց ծառը, Արարչի կողմից իրեն շնորհված հայրենիքը դարձնում մի ոտքի կոխան, որից փախչում են ինչպես բորոտից:
Այնպես, որ եթե մենք աշխարհի զենքուզրահն էլ բերենք, թափենք մեր երկրում, մեր թշնամու պես և նրանից ավելի վայրագ ճակատամարտենք՝ գրանցելով հայկական զինուժի ևս մի քանի փառապանծ հաղթանակներ, եթե անգամ տապալենք չինական բանակը, միևնույն է, տիեզերքին չես հաղթի, տիեզերական Կարգը քեզ չի շրջանցի, որքան էլ նրա Կարգը մի կարճ ընթացք արհամարհես:
Տպավորություն է, որ Հայկական քաղաքակրթությունը կորցրել է տարածության՝ հեռու-մոտիկի և ժամանակի՝ երեկվա, այսօրվա ու վաղվա ընկալումը: Այս աղավաղումները պատահում են կարծեմ, միայն հեքիաթներում, ուր հեքիաթասացը կիրառելով դիպաշարային հատուկ սխեմաներ՝ փորձում է բանականությանն անմատչելի եղելությունների համար հասկացողության պատուհաններ բացել: Օրինակ՝ լինում է չի լինում, կար-չկար: Այնպես որ, հիմա մենք այնտեղ ենք, հրաշապատում հեքիաթների տարածաժամանակային մի տրանսի մեջ՝ սև թելը կծկում են, մեզ համար գիշեր է, սպիտակը կծկում են…բայց երբ են սպիտակը թելել, որ չենք իմացել:Ախր մենք այնպե՜ս ուզում էինք մի արև էլ մեզ վրա բացվեր ու մեր անգին քարը հանեինք օձի ըռխից: Մեր անգին քար երկիրը, որը ժուկով ու ժամանակով մերն է ու մերը չի…
ՎԱՐԴուհի Սիմոնյան
շարունակելի










