ԱՄՆ-ում հազարավոր ամերիկացիներ պահանջում են պատժել երեխայի ծնողներին, որոնց մեղքով սպանվել է գորիլան (լուսանկարներ, տեսանյութ)
Ավելի քան 14.000 մարդ ստորագրել է խնդրագիրը, որը պահանջում է պատժել այն երեխայի ծնողներին, որն ընկել էր գորիլայի վանդակը, ինչի պատճառով ամերիկյան Ցինցինատի քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցները ստիպված են եղել սպանել կենդանուն, գրում է РИА Новости-ն:
«Մենք ցանկանում ենք, որ այդ ծնողներին ենթարկեն պատասխանատվության՝ վերահսկողության բացակայության և անփութության համար, որը հանգեցրել է Հարամբեի մահվանը: Մենք ակտիվորեն կոչ ենք անում ուսումնասիրել երեխայի ընտանեկան կարգավիճակը, որպեսզի պաշտպանենք նրա եղբայրներին կամ քույրերին հետագա միջադեպերից, որոնք կապված են ծնողների անփութության հետ»,- ասվում է խնդրագրում, որը հրապարակվել է www.change.org. կայքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցները ստիպված են եղել սպանել Հարամբե անունով գորիլային, երբ 3-ամյա երեխա է ընկել նրա վանդակը:
Ականատեսների համաձայն՝ կենդանին բղավող երեխային քարշ է տվել վանդակով մեկ: Աշխատակիցները սպանել են գորիլային երեխայի ընկնելուց 10 րոպե անց: Երեխան հոսպիտալացվել է, սակայն կյանքին սպառնացող վնասվածքներ չի ստացել:













