Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է հարաբերությունների կարգավորման համար աշխատանքային խումբ ստեղծել

13:35 • 30.05.16

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան առաջարկում է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման համար աշխատանքային խումբ ստեղծել, գրում է Anadolu-ն:

 

«(ՌԴ նախագահ-Խմբ.) Պուտինը հայտարարում է, որ ողջունում է այդ հարցում թուրքական կողմի կատարած քայլերը: Մենք նաև կոչ ենք անում ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ կողմերի ապագա քայլերը քննարկելու նպատակով»,- ասել է նա:

 

Չավուշօղլուի խոսքով՝ դա կարող է լինել «պաշտոնական կամ ոչ պաշտոնական ձևաչափ», կարևորը, որ ի վերջո «գտնվի ընդհանուր ճանապարհ» երկու երկրների հարաբերություններում առաջացած հակասությունների լուծման համար:

 

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները՝ չնայած Սու-24-ի հետ կապված միջադեպին: Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի լսել Թուրքիայի ներողությունները, ինչպես նաև վնասը փոխհատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունները:

 

Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվել են 2015 թվականի աշնանից, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական Սու-24 ինքնաթիռը։ Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ է սահմանել՝ այդ թվում արգելելով մի շարք ապրանքների ներմուծումն նու ռուս զբոսաշրջիկների մեկնումը Թուրքիա։