ԱՆ և ԳՆ մասնագետները քննարկել են բրուցելոզի կանխարգելմանը վերաբերող հարցեր
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը «Տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի անասնաբուժական ծառայություններին» ծրագրի շրջանակում հունիսի 3-4-ը Ծաղկաձորում լրատվական միջոցների ներկայացուցիչների համար կազմակերպել էր վերապատրաստման դասընթաց:
«Բրուցելյոզի արդի հիմնահարցերը» խորագրով դասընթացի նպատակն էր բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը զոոնոտիկ հիվանդությունների, մասնավորապես բրուցելոզի մասին:
Դասընթացի ընթացքում ՀՀ Առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչները ներկայացրեցին ՀՀ-ում բնակչության շրջանում բրուցելոզի համաճարակային իրավիճակը և հիվանդության կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Մասնակիցները դասընթացավարների հետ միասին քննարկեցին ոլորտում առկա հիմնախնդիրները, այդ ուղղությամբ արվող աշխատանքները և լուսաբանման տեսանկյունից առկա բացերն ու լուծման ուղիները:
Լրատվամիջոցների ներկայացուցիչները կարևորեցին նմանատիպ ուսուցողական հանդիպումները և դրանց պարբերաբար կազմակերպումը։ Մեծապես կարևորելով լրատվական միջոցների դերը բրուցելյոզի կառավարման գործընթացում՝ ՊԳԿ-ի Բրուցելոզի ծրագրի ազգային համակարգող Զարուհի Բեգլարյանը կոչ արեց պայքարել միասնական ուժերով՝ ներգրավելով ինչպես հասարակական կառույցների, այնպես էլ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:
Նմանօրինակ վերապատրաստման դասընթացների և քննարկումների միջոցով ծրագիրը փորձում է կարևորել բրուցելոզ հիվանդությանն առնչվող թեմաների լուսաբանումը, ինչը կբարձրացնի ընդհանուր ազգաբնակչության իրազեկվածության մակարդակը և կնպաստի հիվանդության կանխարգելմանը։
«Տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի անասնաբուժական ծառայություններին» ծրագրի ընդհանուր նպատակն է հզորացնել անասնաբուժական ծառայությունների հանրային ոլորտը՝ նպաստելով Հայաստանում սննդի անվտանգության համակարգի և գյուղատնտեսության կայուն զարգացման բարելավմանը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության կողմից և իրականացվում ՊԳԿ-ի և ՌԶԳ-ի կողմից: Ծրագրի անմիջական շահառուներն են ֆերմերներն ու Սյունիքի մարզի գյուղական համայնքների բնակչությունը: Ծրագրի ազդեցությունը սոցիալական մակարդակում կլինի գյուղի բնակչության հանրային առողջության բարելավված ստանդարտները և եկամուտների աճը:










