Բեռլինը պատասխանել է Թուրքիային գերմանացի խորհրդարանականներին ուղղված մահվան սպառնալիքներից հետո. Deutsche Welle

12:16 • 07.06.16

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման շուրջ շարունակվող վեճի ֆոնին Բեռլինը պատասխանել է Անկարային: Իսկ թուրքական ծագմամբ գերմանացի խորհրդարանականները կանցլեր Անգելա Մերկելին կոչ են արել քայլեր ձեռնարկել մահվան սպառնալիքներ ստանալուց հետո, գրում է Deutsche Welle-ն:

 

Մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆեն Զայբերտը երկուշաբթի հայտարարել է, որ Բունդեսթագը «սուվերեն որոշում է կայացրել»: «Դա պետք է հարգել»,- հավելել է նա:

 

Բեռլինից այս հայտարարությունները հնչել են հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը Թուրքիայի արձագանքի ֆոնին:

 

Ձայների ճնշող մեծամասնությամբ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո Անկարան հետ է կանչել իր դեսպանին, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է «երբեք չընդունել ցեղասպանության մեղադրանքները»:

 

«Առաջին հերթին դուք պետք է պատասխան տաք Հոլոքոստի համար, այնուհետև Նամիբիայում 100 000 մարդու սպանության համար»,- ասել է Էրդողանը:

 

Թուրքիայի նախագահը նաև մեղադրել է թուրքական ծագմամբ 11 գերմանացի պատգամավորներին, ովքեր պաշտպանել են բանաձևը, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության «ահաբեկչությանն» աջակցելու համար և պահանջել է «արյան թեստեր» հանձնել՝ ստուգելու համար, «թե ինչ տեսակի թուրք են նրանք»:

 

Անկարայի քաղաքապետ Իբրահիմ Մելիհ Գյոքչեքն ավելի ուշ Twitter-ում տեղադրել է 11 քաղաքական գործիչների կոլաժը՝ գրելով. «Դավաճանները պետք է զրկվեն իրենց քաղաքացիությունից» և նշելով, որ նրանք «Թուրքիային թիկունքից հարված են հասցրել»:

 

Պատասխանելով մեղադրանքներին՝ Զայբերտը հայտարարել է, որ քանի որ Բեռլինը նույնպես ՔԱԿ-ն ահաբեկչական խումբ է համարում, «խորհրդարանի առանձին անդամներին ահաբեկչության հետ կապելը մեզ համար բոլորովին անհասկանալի է»:

 

11 խորհրդարանականների թվում է Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, ով նաև նախաձեռնել է բանաձևի քվեարկությունը: Խորհրդարանականն անանուն մահվան սպառնալիքներ ստանալուց հետո առնվել է ոստիկանության հսկողության տակ: 50-ամյա խորհրդարանականը թուրք ներգաղթյալների որդի է: Երկուշաբթի Օզդեմիրը հայտարարել է, որ իրեն չեն ահաբեկի Էրդողանի խոսքերը:

 

«Բունդեսթագի քվեարկությունները չեն արվում՝ այն հանգամանքից ելնելով, թե ավտորիտար որ առաջնորդների սրտով կլինեն»,- ասել է նա:

 

Կանաչների կուսակցության մեկ այլ անդամ՝ Օզքան Մութլուն հայտարարել է, որ նա ստացել է «հարյուրավոր, եթե ոչ հազարավոր էլեկտրոնային նամակներ՝ ատելության խոսքերով կամ մահվան սպառնալիքներով»:

 

Մութլուն, ով հայտնվել է նաև Անկարայի քաղաքապետի Twitter-ում տեղադրած լուսանկարում, կոչ է արել Գերմանիայի կանցլերին դիրքորոշում ընդունել Էրդողանի նկատմամբ և «ցույց տալ, որ նա չափազանց հեռուն է գնացել»:

 

Էրդողանի հետ Մերկելի դիվանագիտական հարաբերությունները վերջին ամիսներին ուշադրության կենտրոնում են հայտնվել, Մերկելին քննադատում են ԵՄ-ի փախստականների համաձայնագրի իրականացման հարցում Անկարայի համագործակցությունը ստանալու համար Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված վիճակն անտեսելու համար:

 

Սոցիալ- դեմոկրատ և ինտեգրման հարցերով նախարար Այդան Օզոգուզը նույնպես դատապարտել է սպառնալիքները:

 

«Մեր՝ խորհրդարանականների դեմ մահվան սպառնալիքներն անընդունելի են, և ինձ խորապես ցնցում են»,- ասել է նա: «Ես ակնկալում եմ, որ խորհրդարանն իր համերաշխությունը ցույց տա մեզ հետ և մեզ չթողնի մենակ»,- հավելել է Օզոգուզը:

 

Պատասխանելով աջակցության կոչերին՝ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը հայտարարել է, որ նա ցանկանում է «վերահաստատել խորհրդարանի ստորին պալատի համերաշխությունը»:

 

Ինչպես նշում է լրատվամիջոցը, չնայած Հայոց ցեղասպանության մասին քվեարկությանն ընդդիմանալուն՝ Գերմանիայի թուրքական համայնքը նույնպես քննադատել է Անկարային և էրդողանի աջակիցներին թուրքական արմատներ ունեցող գերմանացի օրենսդիրների վրա գործադրվող ճնշումների համար:

 

«Մենք մահվան սպառնալիքները և արյան թեստերի պահանջները նողկալի ենք համարում»,- ասել է Գերմանիայում թուրքական համայնքի ասոցիացիայի նախագահ Գոքայ Սոֆուօղլուն:

 

Բեռլինը պատասխանել է Թուրքիային գերմանացի խորհրդարանականներին ուղղված մահվան սպառնալիքներից հետո. Deutsche Welle