Սանկտ Պետերբուրգում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով եռակողմ գագաթնաժողով կանցկացվի. ՌԴ ԱԳՆ

15:35 • 09.06.16

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Սանկտ Պետերբուրգում եռակողմ գագաթնաժողով է պատրաստվում: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը, գրում է РИА Новости-ն:

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հաղորդագրությունում ասվում է, որ հինգշաբթի օրը Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիս Ռիպերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պյեր Անդրյոյին:

 

«Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ճգնաժամի լուծմանն ուղղված միջազգային ջանքերի հետ կապված, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստման հարցերը»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն՝ չհստակեցնելով հանդիպման ժամկետները:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Արլեմ Դեզիրը՝ ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, մայիսի 16-ին հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով։

 

Ինչպես նշվել էր ԵԱՀԿ կայքում տեղադրված Սերգեյ Լավրովի, Ջոն Քերիի և Արլեմ Դեզիրի համատեղ հայտարարության մեջ. «Նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնել են շարունակել անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո՝ հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզի գագաթնաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունները»։

Սանկտ Պետերբուրգում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով եռակողմ գագաթնաժողով կանցկացվի. ՌԴ ԱԳՆ