ԱԱԾ-ն հայտնաբերել է տպարան, որտեղ պատրաստվել են տեխզննման կեղծ կտրոններ. 8 անձ կալանավորվել է (լուսանկարներ, տեսանյութ)

14:00 • 09.06.16

ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական, որոնողական և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման հանցավոր գործողությունների շարք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից: 

Երևանում, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերում, բազմաթիվ քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ապրիլի 20-ին Երևանի տեխզննման կետերում, առանձին համայնքների վարչական շենքերի վարձակալված սենյակներում, որոշ քաղաքացիների բնակարաններում կատարված թվով 19 միաժամանակյա խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է տեխնիկական զննության 1000-ից ավելի կեղծ կտրոն, գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ: 

Նախաքննության  ընթացքում ձեռք բերված լրացուցիչ տվյալների հիման վրա  հայտնաբերվել է նաև տպարանը, որտեղ պատրաստվել են տեխզննման կեղծ կտրոնները: 

Հարուցված քրեական գործով 9 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից  ութի  նկատմամբ որպես խափանման միջոց կալանք է կիրառվել: 

Միջոցներ են ձեռնարկվում իրացված կեղծ կտրոնների իրական թիվը և պատճառված վնասի չափը ճշտելու, ինչպես նաև հանցագործության բոլոր մասնակիցներին բացահայտելու ուղղությամբ: 

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների վաճառքը հետագայում բացառելու և դրա հետ կապված անհարկի քաշքշուկներից, նյութական կորուստներից քաղաքացիներին զերծ պահելու նպատակով, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում ձեռնպահ մնալ տեխնիկական զննության կտրոնները համայնքների վարչական շենքերում վարձակալած սենյակներից, ապահովագրական ընկերությունների գրասենյակներից, տեխզննման կետերից, ինչպես նաև անհատներից գնելու արատավոր պրակտիկայից և հորդորում է սահմանված կարգով դրանք ձեռք բերել բացառապես ՀՀ բանկերից: 

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: