Օռլանդոյում ձերբակալել են քարոզչին, որի հետևորդ է եղել հրաձգություն իրականացրած Օմար Մատինը

12:51 • 13.06.16

ԱՄՆ իշխանությունները հարցաքննության համար ձերբակալել են ծայրահեղական իսլամիստ քարոզչի, որի հետևորդ է ենթադրաբար եղել Օմար Մատինը, ով 50 մարդու է սպանել Օռլանդո քաղաքի միասեռականների ակումբում, հայտնում է Fox News հեռուստաալիքը:

 

Իրավապահ մարմիններում աղբյուրները հայտնել են, որ բացի Մարկուս Դուեյն Ռոբերթսոնից, ով ապրում է Օռլանդոյում և սեմինար է վարում իսլամի հիմնարար ուսումնասիրությունների վերաբերյալ, ձերբակալվել և հարցաքննվել են նրա մի քանի աջակիցներ:

 

«Այն, ինչ տեղի է ունեցել Օռլանդոյում, պատահականություն չէ: Մատինը գրանցված է եղել Ռոբերթսոնի սեմինարին»,- հայտարարել է աղբյուրներից մեկը:

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ռոբերթսոնը նախկինում ծառայել է ծովային հետևակում, իսկ այնուհետև հայտնի է եղել որպես Նյու Յորքում բանկերի թալանմամբ զբաղվող հանցախմբի ղեկավար: Նա Ֆլորիդայի բանտերից մեկում չորս տարի է անցկացրել զենքի ապօրինի պահման մեղադրանքով և ազատ է արձակվել անցած տարի:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում գիշերային ակումբում հրաձգության հետևանքով մահացել է 50 մարդ, ևս 53-ը վիրավորվել են: Հանցագործն ԱՄՆ քաղաքացի Օմար Մատինն է, ով սպանվել է ոստիկանության կողմից գրոհի ընթացքում: Օռլանդոյում տեղի ունեցածը զոհերի թվով նման տեսակի ամենախոշոր միջադեպն է ԱՄՆ պատմության ընթացքում: