17-ամյա աղջկա սպանության մեղադրանքով ձերբակալված Արսեն Խոջայանը վերջին շրջանում Երևանում է բնակվել. գյուղապետ

17:00 • 25.06.16

                                
Ադրբեջանական գերությունից վերադարձած, Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջայանը, ով մեղադրվում է 17-ամյա աղջկա սպանության մեջ,  վերջին շրջանում բնակվում էր Երևանում: Այս մասին  Tert.am-ին հայտնեց Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Կամո Չոբանյանը:


«Ինքը նույնիսկ գյուղում չէր ապրում, չեմ կարող ոչ մի բան ասել, Երևանում էր ապրում, էս երկու օրն էր եկել գյուղ, իրա տան հարևանն էր (սպանվածը –Tert.am) »,-ասաց Կամո Չոբանյանը:


Վերջինս հրաժարվեց պատասխանել հարցին, թե վերջին շրջանում նկատե՞լ էր Արսենի մոտ տարօրինակություններ:


Նշենք, որ ոստիկանությունը հաստատել էր, որ երեկ` ժամը 23.55-ին, Արսեն Խոջայանը հայտնաբերվել էր Վերին Կարմիրաղբյուր գյուղի տներից մեկում 1999 թ. ծնված Աստղիկ Հանիսյանին դանակահարելու կասկածանքով: Հունիսի 25-ին` ժամը 3-ին, Արսեն Խոջայանը ձերբակալվել է ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: 

Tert.am –ը փորձեց զրուցել նաև Արսեն Խոջոյանի մոր` տիկին Սվետայի հետ, ով, սակայն, հրաժարվեց, ասելով.«Զբաղված եմ»:


Նշենք, որ սպանված  Աստղիկի մայրը՝ տիկին Ռոզան հայտնել էր, որ աղջկա վերջին խոսքերը երբեք չի մոռանա: «Բալես վերջին ուժերը հավաքեց ու խնդրեց, որ իրեն օգնության հասնեմ: Արսենն ուզում էր աղջկաս բռնաբարեր, բայց աղջիկս դիմադրել է, իսկ Արսենը դանակով խփել է»:

 

 

 

 

17-ամյա աղջկա սպանության մեղադրանքով ձերբակալված Արսեն Խոջայանը վերջին շրջանում Երևանում է բնակվել. գյուղապետ