Աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ չկրկնվեն. Հռոմի պապի գրառումը հուշամատյանում (տեսանյութ)

10:23 • 25.06.16

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր առավոտյան Գարեգին Բ-ի և ՀՀ նախագահի ուղեկցությամբ այցելեց և Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Ցեղասպանությանը զոհ դարձած 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին: 

Այնուհետև Հռոմի պապը գրառում կատարեց հուշամատյանում: Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ոչ պաշտոնական թարգմանությամբ, Հռոմի պապն արել է հետևյալ գրառումը. «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»:

Նշենք, որ Հռոմի Պապի անունից հուշակոթողին դրվեց ծաղկեպսակ, որի առջև Սրբազան քահանայապետն աղոթք ասաց։