Հռոմի պապի այցը և «Հայաստան» ու «ցեղասպանություն» բառերի շեշտադրումները միջազգային մամուլում
«Գալիս եմ որպես ուխտագնաց». Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսի 24-ին այս ուղերձով եկավ Հայաստան՝ իր հետ տարածաշրջան բերելով աշխարհի ամենահայտնի լրատվամիջոցների հարյուր հազարավոր ընթերցողների ուշադրությունը: Հենց այս պահին էլ աշխարհը հետևում և արձանագրում է կաթոլիկ քրիստոնյաների առաջնորդի ամեն քայլն ու խոսքը քրիստոնեությունն առաջին անգամ որպես պետական կրոն ընդունած պետությունում, Պապի խոսքով՝ աշխարհի «թանկ ծայրամասերից» մեկում:
Նաև ուշագրավ է, որ համաշխարհային լրատվամիջոցներում ցիտվում են Հայաստանին վերաբերող ամենադրական բառերն ու արտահայտությունները, որոնք հնչում են Հռոմի պապի շուրթերից:
Այստեղ ժամանած Հռոմի պապը հստակ նպատակներ ու քաղաքականություն ունի. դա նկատել էին նրա հետ Հայաստան ժամանող 80-ից ավելի եվրոպական, ամերիկյան, ռուսական, մերձավորարևելյան ամենահայտնի լրատվամիջոցները՝ ուշադրություն հրավիրելով Հռոմի պապի խոսքերին:
«Հռոմի պապն իր այցելության հիմնական նպատակներից է համարում տարածաշրջանում խաղաղության ու հաշտեցման գործընթացները սատարելը և հանդես է գալիս որպես «խաղաղության պատգամաբեր»՝ հաշտեցման բոլոր ջանքերին աջակցելու ցանկությամբ», -գրում է Focus.de գերմանական լրատվամիջոցը։
Հռոմի պապի շնորհիվ աշխարհի լրատվամիջոցների վերնագրերում «Հայաստան» և «ցեղասպանություն» բառերը բազմակի հիշատակվեցին
Թվում էր, թե Հայաստան եկած Հռոմի պապը միայն տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալով և նախատեսված արարողակարգով ու նախապես պատրաստված ելույթներով պետք է հանդես գար, բայց երեկ հավատարմագրված լրագրողների ուշադրությունը միանգամից գրավեց նրա «քաղաքական եզրույթի» օգտագործումը…դարձյալ, շնորհիվ նրա, աշխարհի լրատվամիջոցների վերնագրերում «Հայաստան» և «ցեղասպանություն» բառերը բազմակի հիշատակվեցին:
Հռոմի պապի այցին հետևող ոչ մի լրատվամիջոցի ուշադրությունից չվրիպեց, որ իրենց նախապես ներկայացված տեքստից Հռոմի պապը «շեղվեց», երբ խոսում էր 100 տարի առաջվա իրադարձությունների մասին. նա աչքերը կտրեց պատրաստված տեքստից և արտաբերեց «ցեղասպանություն» բառը՝ «Մեծ եղեռնի» փոխարեն:
«Հայաստանի Նախագահին և դիվանագիտական կառույցներին ուղղված խոսքում Ֆրանցիսկոս Պապը կիրառել է «Մեծ եղեռն» հայկական տերմինը, սակայն ավելի ուշ իր խոսքում ավելացրել է «այդ ցեղասպանությունը» արտահայտությունը՝ խոսելով «անցյալ դարի աղետների ցավալի շարքից առաջին աղետի» մասին»,- Հռոմի պապի ելույթում անդրադարձավ Reuters-ը:
Ամերիկյան ամենահայտնի պարբերական The New York Times-ն էլ նկատեց, որ չնայած Պապի այցի նախօրեին Վատիկանը զերծ էր մնացել «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց` հաշվի առնելով բառի քաղաքական և ֆինանսական կիրառումների հանդեպ Թուրքական ընդդիմադիր վերաբերմունքը, «քանի որ այդ բառի օգտագործումը հայերին հիմք է տալիս փոխհատուցման պահանջ ներկայացնելու», Հայաստանում չխուսափեց այդ բառի օգտագործումից:
Բրիտանական The Independent-ը ևս նկատել էր, որ եռօրյա այցի ընթացքում իր ելույթում Ֆրանցիսկոս պապն ընդգծել է «ցեղասպանություն» բառը, որը նախապես պատրաստված տեքստից դուրս էր մնացել՝ Հայոց ցեղասպանությունը դասելով Հոլոքոստի ու Ստալինիզմի կողքին:
«Կրկնելով այն, ինչ ասել էր անցյալ տարի, նշելով, որ կոտորածները 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էին՝ Ֆրանցիսկոս պապը հող նախապատրաստեց թուրքական նոր բողոքի համար, ինչպես անցյալ տարի թուրքական իշխանությունները հետ կանչեցին իրենց դեսպանին ու Ֆրանցիսկոսին մեղադրեցին ստեր տարածելու համար»,- գրել էր բրիտանական պարբերականը՝ իր հերթին հիշեցնելով, որ այցի նախաշեմին Վատիկանը խուսափել էր «ցեղասպանություն» տերմինն օգտագործելուց՝ հիշելով թուրքերի կողմից ֆինանսական ու քաղաքական հետևանքների մասին:
«Բայց Ֆրանցիսկոսն այն անձը չէ, որը կամաչի ասել այն, ինչ մտածում է, նա ավելացրեց բառը վերջին պահին՝ նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի, հայ քաղաքական ու կրոնական առաջնորդների և դիվանագիտական կորպուսի ներկայությամբ»,- գրել էր թերթը:
Կարճ ասած՝ «Հռոմի պապը արտասանեց «ցեղասպանություն» բառը Հայաստանում», «Հռոմի պապը դատապարտեց Ցեղասպանությունը». վերնագրերով հրապարակումները դարձան այնպիսի լրատվամիջոցների գլխավոր նորությունները, ինչպիսիք են The New York Times-ը, The Wall Street Journal-ը, ABC News-ը, Associated Press-ը, BBC-ին, իտալական Reppublicca-ն, Italia Post-ը, LaPresse-ը, գերմանական Bild-ը, Shpigel-ը, Berliner-Zeitung-ը, ֆրանսիական La Monde-ը, L’ Express-ը, ռուսական Interfax-ը, Rozbalt-ը, Gazeta-ն և այլն:
Հռոմի պապը որոշել էր զայրացնել Էրդողանին
Լրատվամիջոցները նաև նկատում են, որ Վատիկանի առաջնորդը «ցեղասպանություն» բառն օգտագործել է Թուրքիայի նախագահ Էրդողանին զայրացնելու նպատակով, հիշատակում են, որ նախորդ տարի Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունից հետո Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին Վատիկանից:
Գերմանական «Շպիգելը», օրինակ, գրում է. «Դա (նկատի ունի Հռոմի պապի՝ «ցեղասպանություն» բառն արտասանելը-Tert.am) կարող է վեճի առիթ տալ Թուրքիայի հետ: Ֆրանցիսկոս պապը Երևան այցի ժամանակ հայերի հալածանքները Ցեղասպանություն բառով է նկարագրել»:
Ցեղասպանություն բառը նորից արտասանելու և թուրքական իշխանություններին զայրացնելու մասին գրել են գրեթե բոլոր թուրքական պարբերականները՝ Demokrat Haber-ը, Diken-ը, CNN Turk-ը:
«Հռոմի պապը Հայաստանում էլ ասաց «ցեղասպանություն»»,-գրել է Sozcu պարբերականը՝ նշելով, որ կաթոլիկ առաջնորդ Ֆրանցիսկոսը շեղվել է նախապես պատրաստված ելույթի տեքստից, որում «ցեղասպանություն» բառը բացակայել է:
Sabah-ն էլ Հռոմի պապի խոսքերը «սկանդալային» է որակել ու հիշեցրել, որ անցյալ տարի Հռոմի պապի ելույթի պատճառով Վատիկանում Թուրքիայի դեսպանը հետ էր կանչվել և պաշտոնին վերադարձել էր միայն այս տարվա փետրվարին:
Ի՞նչ ճանաչում է բերում Հռոմի պապը Հայաստանին
Մենք տարիներ շարունակ աշխատում էինք «Հայաստան», «ցեղասպանություն» բառերը հնչեցնեինք լրատվամիջոցներում: Հիմա արդեն տեսնում ենք, որ դա լինում է առանց ֆինանսական միջամտության, ոչ պատվիրված. Tert.am-ի հետ զրույցում խոսելով Հռոմի պապի այցի և այդ համատեքստում Ցեղասպանության հարցի միջազգային անդրադարձի վերաբերյալ՝ ասաց Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Տաթևիկ Փիրումյանը:
Ցեղասպանության թեման, ըստ PR մասնագետի, եվրոպական երկրներում նախորդ տարվանից է լայնորեն շրջանառվում:
«100-ամյա տարելիցը բավականին գրագետ էր կազմված, միջոցառումները բավականին լուրջ ռեզոնանս առաջացրին: Բունդեսթագի կողմից ցեղասպանության ճանաչումը ևս քննարկումների ալիք բարձրացրեց. օրինակ, եթե Գերմանիայի Բունդեսթագի կողմից ճանաչումը կարող է քաղաքական քայլ համարվել, Հռոմի պապի դեպքում այն ընկալվում է որպես մարդասիրական, առաջին քրիստոնյա ազգի նկատմամբ եղած սխալի տեսանկյունից, և քաղաքականացնելու հնարավորությունները քիչ են»,- ասաց Տաթևիկ Փիրումյանը:
Ըստ նրա՝ Հայաստանն առավել հայտնի դարձավ կաթոլիկ աշխարհում: Նա նշեց, որ այն ավելի ճանաչված դարձնելու համար Հռոմի պապի այցելության համար ճիշտ վայրեր են ընտրված: Նկատեց, որ Հայաստանի համար կարևոր է աշխարհի ուշադրությունը գրավել երկու փաստի վրա։ Առաջինն այն է, որ Հայաստանն առաջինը քրիստոնեությունն ընդունած երկիրն է, և այդ պատճառով Հռոմի պապն այցելում է Էջմիածին, Խոր Վիրապ։ Երկրորդ հանգամանքը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումն է, որի համար այց էր կազմակերպվել Ծիծեռնակաբերդ:










