Էրդողանը Պուտինին ուղղված ուղերձում ներողություն է խնդրել կործանված ռուսական ինքնաթիռի համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ափսոսանք է հայտնել և ներողություն է խնդրել անցած աշնանը կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Интерфакс-ը։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը ստացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի ուղերձը, որտեղ Թուրքիայի առաջնորդն իր շահագրգռվածությունն է հայտնել ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման հետ կապված իրավիճակի կարգավորման մեջ»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
«Թուրքական պետության ղեկավարն ուղերձում իր ափսոսանքն է հայտնել և խորը ցավակցությունները զոհված ռուս օդաչուի ընտանիքին, և ասել է՝ «կներեք»»,- նշել է նա:
Ուղերձում նաև նշվում է, որ քննություն է իրականացվում Թուրքիայի քաղաքացու նկատմամբ, որը «կապվում է ռուս օդաչուի մահվան հետ»:










