Ամերիկյան Դալաս քաղաքում 4 ոստիկան է սպանվել, 11-ը՝ վիրավորվել. կասկածյալները ձերբակալվել են (թարմացված, լուսանկարներ)
10.24
ԱՄՆ Դալաս քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ կրակոցներ արձակած 2 կասկածյալները ձերբակալվել են, հայտնում է Fox News-ը։
Նշվում է, որ կասկածյալներից մեկը հանձնվել է անմիջապես: Մինչդեռ 2-րդ կասկածյալն ակտիվ փոխհրաձգության մեջ է եղել հատուկջոկատայինների հետ: Բացի այդ, այն վայրում, որտեղ եղել է նա, հայտնաբերվել է կասկածելի փաթեթ, այն ուսումնասիրում են սակրավորները:
08.52
Ամերիկյան Դալաս քաղաքում, որտեղ հինգշաբթի երեկոյան բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ ոստիկանների կողմից աֆրոամերիկացիների սպանության, առնվազն չորս ոստիկան է սպանվել, 11-ը՝ վիրավորվել, գրում է РИА Новости-ն:
«Մեզ հայտնի է միայն, որ ոստիկանները տեղափոխվել են հիվանդանոց: Սակայն մենք տեղեկություն չունենք նրանց վիճակի մասին»,- հայտնել են լրագրողները դեպքի վայրից` հղում անելով ոստիկաններից մեկին:
Նրանք նշել են, որ ոստիկաններին տեսել են գետնին ընկած: Դեռևս հայտնի չէ՝ ով է կրակել ոստիկանների վրա: Միևնույն ժամանակ, իրավապահ մարմինների ուշադրությունը կենտրոնացած է քաղաքի կենտրոնում բազմահարկ կայանատեղիի վրա:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ անհայտ անձը կրակ է բացել իրավապահների ուղղությամբ: Տուժած 3 ոստիկանները գտնվում են ծայրահեղ վիճակում:
Ոստիկանության ղեկավար Դևիդ Բրաունը բացատրել է, որ կրակողները 2-ն են եղել: Կասկածյալները սպառնացել են նաև ռումբ պայթեցնել Դալասի կենտրոնում:
Ոստիկանությունը հրապարակել է նրանցից մեկի լուսանկարը և խնդրել օգնել նրան գտնել:

Բողոքի ակցիաներ են անցկացվում ԱՄՆ-ի շատ քաղաքներում: Ակցիաները սկսվել են ոստիկանների կողմից 2 աֆրոամերիկացիների սպանությունից հետո:
Հաղորդվում է, որ հնչել է մոտ 50-60 կրակոց:






















