Ջավախքում հայ ընտանիքի սպանության գործով քրգործ է հարուցվել. նոր մանրամասներ և տեսանյութ դեպքի վայրից

14:30 • 12.07.16

 

Վրաստանի Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները երեկ Ախալքալաքի Վաչիան գյուղում տեղի ունեցած հայ ընտանիքի սպանության կասկածանքով ձերբակալել են 1992 թվականին ծնված Նոդար Ա.-ին, հարուցվել է քրեական գործ:

Tert.am-ին Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության դեպարտամենտից հայտնում են, որ  հետաքննությունը պարզել է, որ Նոդար Ա.-ն գողության նպատակով Խաչոտյաններին պատկանող տան պատուհանից մտել է ներս, ինչից հետո գողության նպատակով տուն մուտք գործած անձին նկատել են 37-ամյա տանտիրուհին և  նրա դուստրերը: Տան անդամները դիմադրություն են ցուցաբերել Նոդար Ա.-ի նկատմամբ: Վերջինս էլ, երկաթե ամրանով մահ պատճառող վնասվածք է հասցրել տանտերերին:

«37-ամյա կինն ու երկու դուստրերը մահացել են տեղում` ստացած վնասվածքների պատճառով: Հանցագործության հետքերը թաքցնելու համար Նոդար Ա.-ն փորձել է հրդեհել տունը, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մահացել է ընտանիքի 5-ամյա երեխան:

Իրավապահ մարմինների  ձեռնարկած օպերատիվ- որոնողական աշխատանքների արդյունքում Նոդար Ա.-ն ձերբակալվել է Վաչիան գյուղում: Դեպքի վայրում հայտնաբերվել է գողացած հեռախոսներից մեկը:

Ձերբակալվածն ընդունել է մեղքը:

«Նոդար Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն»,- հայտնեցին Վրաստանի Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության դեպարտամենտից:

Տեղի ոստիկանությունից Tert.am-ին տրամադրած տեսանյութում պատկերված է փորձագետների և կասկածյալի գործողությունները հանցանքի վայրում:

 

Բեթղեհեմ Արաբյան