Երբեք այսպիսի խուճապ չէի տեսել. Նիսի ահաբեկչության ականատեսները պատմել են կատարվածի մասին (տեսանյութ)

13:34 • 15.07.16

Meduza.io կայքը հավաքել է հինգշաբթի ուշ երեկոյան ֆրանսիական Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության ականատեսների վկայությունները։

 

Ինչպես արդեն հաղորդել է Tert.am-ը՝ հինգշաբթի երեկոյան ֆրանսիական Նիս քաղաքում ահաբեկչական ակտ է տեղի ունեցել։ Բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափին Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունը դիտելու: Զոհվել է 84 մարդ։

 

«Մենք դիտում էինք հրավառությունը լողափի ցանկապատին նստած։ Հազարավոր մարդիկ կային, այդ թվում՝ փոքր երեխաներ ունեցող ընտանիքներ։ Երբ հրավառությունը վերջացավ, սկսեցինք Անգլիական առափնյա փողոցով հետ վերադառնալ։ Ավտոմեքենաներ չկային, և փողոցի երկու կողմերն էլ հետիոտներ էին զբաղեցնում։ Հանկարծ հանդիպակաց կողմում սպիտակ բեռնատար հայտնվեց, որը շատ արագ ու անկանոն էր երթևեկում։  Միանգամից հասկացա, որ մարդկանց վրա է քշում. ակնհայտորեն ամբոխի ուղղությամբ էր շարժվում։ Մարդիկ սկսեցին փախչել։ Երբեք այսպիսի խուճապ չէի տեսել։ Ամբոխի հոսանքի հետ միասին կարողացանք հյուրանոց հասնել»,- պատմել է դեպքի ականատես Ջոն Քերթիսը։

 

Լրագրող Մերյամ Վայոլեթը, ով դեպքի ժամանակ գտնվել է առափնյա փողոցի սրճարաններից մեկում, պատմել է, որ ամեն ինչ շատ արագ է սկսվել։ Նրա խոսքով՝ մարդիկ, փախուստի դիմելով, բղավում էին, որ ահաբեկչական ակտ է տեղի ունենում, և ակնհայտ էր, որ բեռնատարի վարորդը մտադրված է ամբոխի ուղղությամբ շարժվում։ 

 

«Եկել եմ այստեղ՝ տոնակատարությանն առաջին անգամ մասնակցելու։ Հյուրանոցի պատշգամբում կանգնած՝ հրավառությունն էի դիտում, երբ հայտնվեց սպիտակ բեռնատարը։ Ամեն ինչ այնքան տարօրինակ էր, որ սկսեցի հեռախոսովս նկարահանել։ Բեռնատարին մոտոցիկլավար մոտեցավ և, ըստ երևույթին, փորձեց շարժման ընթացքում վարորդի դուռը բացել։ Խաչմերուկում ոստիկանները կրակ բացեցին, ինչից հետո բեռնատարի վարորդն արագացրեց ընթացքն ու սկսեց մարդկանց վրաերթի ենթարկել։ Չեմ կարող ասել՝ կրակոցների պատճառով, թե ի սկզբանե այդպես էր պլանավորել»,- պատմել է լրագրող Ռիխարդ Գութիյարը։

 

Դեպքի մեկ այլ ականատես՝ Դոմինիկ Մոլինան, ով իր որդու հետ հյուրանոցի պատշգամբում կանգնած է եղել, ասել է, որ կրակոցներից մի քանի վայրկյան անց ամեն ինչ հանդարտվել է, և լռության մեջ լսվել է, թե ինչպես են մարդիկ ողբում, գոռում ու լացում։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ահաբեկիչը թունիսական ծագումով 31-ամյա ֆրանսիացի է եղել։ Ըստ վերջին տվյալների՝ զոհվել են 84 և վիրավորվել հարյուրավոր մարդիկ, իսկ 18-ը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։