«Սասնա ծռեր» զինված խումբը շարունակում է պատանդ պահել ոստիկանների

01:35 • 18.07.16

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին:   

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը առավոտյան հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով այս, այնպես էլ ցանկացած այլ անօրինական գործողություն անհապաղ խափանվելու է իրավապահ մարմինների կողմից։

«Այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց։ 

Միաժամանակ նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ տարածվող տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: 

Պետական իշխանության մարմինները գործում են բնականոն ռեժիմով, իսկ իրավապահ մարմինները հավուր պատշաճի իրականացնում են օրենքով իրենց վերապահված հասարակական կարգի պահպանության և պետական անվտանգության ապահովման գործառույթները: Զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձնվելը կազմակերպելու համար: 

Հավաստիացնում ենք, որ ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ անօրինական գործողություն անհապաղ խափանվելու է իրավապահ մարմինների կողմից, իսկ դրանք կատարած անձինք վնասազերծելու են և պատասխանատվություն են կրելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասվում էր ԱԱԾ հաղորդագրությունում:

  

 

 
Ավելի ուշ ԱԱԾ-ից հայտնեցին, որ զինված միջադեպի արդյունքում զոհվել է մեկ ոստիկան, ևս երկուսը՝ վիրավորվել։ 

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել այսօր առավոտյան տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ: Մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: Ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ: 

ՀՀ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար: Միաժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զանգվածային լրատվության միջոցներին տեղեկատվություն տարածելիս օգտագործել միայն պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալները, հակառակ դեպքում սփռվող ապատեղեկատվությունը նպաստում է ձեռնարկված հանցավոր գործողությունների իրականացմանը, վտանգ ստեղծում մարդկանց կյանքի և առողջության համար»,-նշվում էր ՀՀ ԱԱԾ 2-րդ հաղորդագրության մեջ։ 

Հուլիսի 17-ին ծառայության վայրում, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը 




Հուլիսի 17-ի երեկոյան ժամը 17-ի դրությամբ, ըստ ԱԱԾ 3-րդ հաղորդագրության, դեպքի վայրում գտնվող հատուկ նշանակության ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն գրոհի կամ այլ ակտիվ գործողություններ կատարելու հրաման նրանց տրված չէ։

«Այս պահին ընթացող բանակցությունների շրջանակներում իրավասու պետական մարմինների ներկայացուցիչները փորձում են համոզել ահաբեկիչներին զերծ մնալ մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագա գործողություններից, ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքը և առանց դիմադրության հանձնվել իշխանություններին: 

Դեպքի վայրում գտնվող հատուկ նշանակության ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն գրոհի կամ այլ ակտիվ գործողություններ կատարելու հրաման նրանց տրված չէ»,- ասվում էր ԱԱԾ հայտարարությունում:

 





Հուլիսի 18-ի ժամը 01.30-ի դրությամբ զինված խումբը դեռ շարունակում է անազատության մեջ պահել ոստիկանության մի քանի ծառայողների։