Խմբավորման մարդիկ ծայրահեղական են. Ալեքսանդր Իսկանդարյանը «Սասնա ծռեր» խմբի մասին
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործողություններին` նկատեց, թե այս պահին ամբողջ երկրի, այդ թվում՝ իշխանության, քաղաքական ուժերի, հասարակության ու լրագրողների խնդիրը մեկն է` անել ամեն հնարավորը հարցն առանց արյունահեղության լուծելու համար:
«Այնտեղ կենդանի մարդիկ են, և վտանգ կա, որ նրանց կարող են սպանել, հիմա խնդիրն է առանց արյան հարցը լուծել, իսկ հարցը միայն ոստիկանական գործողություններով չի լուծվում»,- ասաց նա և նշեց, որ պետք է բանակցությունները շարունակել և փորձել համոզել, որ հանձնվեն, հակառակ դեպքում դիմել գրոհի:
Ըստ քաղաքագետի` ծայրահեղականությունը մեր երկրում նորություն չէ և սպասելի էր, որ մի օր զենքի ուժով քաղաքական պահանջներ ներկայացվեն: Նա հիշեցրեց Շանթ Հարությունյանի գործողությունները` բռնության հիմքով, ապա Նորք-Մարաշի զինված խմբավորման կանխումը և այլն:
«Բռնությամբ գործողությունների դիմելու մեթոդը մեր երկրում նորություն չէ, և պարտադիր չէ սոցիոլոգ լինել, որ հասկանաս, որ այդ ճանապարհով հարցերին լուծում տալու ռադիկալ մոտեցումը կա մարդկանց մոտ, և այն, ինչ տեղի ունեցավ, կարելի էր սպասել»,- ասաց նա և նշեց, թե խմբավորման անդամներից ոմանց դեմքերով գիտենք, որոնք նման կոչերով, պահանջներով ու մտադրություններով առաջին անգամ չէ, որ հանդես են եկել:
Ալեքսանդր Իսկանդարյանը խոստովանեց` իհարկե հեշտ չի լինի առանց արյան հարցը լուծել, քանի որ խմբավորման մարդիկ ծայրահեղական են և նկատեց, թե կարող են հյուծման տակտիկայի դիմել:
Իսկ հարցին, թե հաշվի առնելով Ղազախստանում, Թուրքիայում նմանատիպ ձեռագրով հարձակումներ են տեղի ունեցել, հնարավոր է արտաքին ուժերի միջամտությունը, Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց, թե հայկական իրականության համար այդ ենթադրություններ անելը նորություն չէ, որ տեսնեն Պուտինի, Օբամայի միջամտությունը, բայց ընդգծեց, թե այս դեպքում միանշանակ ներքին խնդիրներ են բարձրացված:










