Յուրաքանչյուրիս ակտիվ մասնակցությունից է կախված իրավիճակի անարյուն հանգուցալուծումը. «Սասնա ծռերի» համակարգող խորհրդի նախաձեռնող խումբ

11:52 • 25.07.16

«Սասնա ծռերի» առաջ քաշած պահանջները բացառապես քաղաքական են և բխում են Հայաստանի հերթական օտարածին, ապօրինի «վարչախմբի» կողմից բռնի ուժով իշխանությունը զավթած լինելու, Հայաստանի քաղաքացիների իրավունքների մշտապես ոտնահարման, Հայաստանը օտար պետության շահերին ծառայեցնելու իրողությունից. ոստիկանության ՊՊԾ գնդին հարող տարածքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սասնա ծռերի» համակարգող խորհրդի նախաձեռնող խմբի անդամներից Ալբերտ Բաղդասարյանը:

Նա, ներկայացնելով խմբի հայտարարությունը, ասաց. «Արդեն ութերորդ օրն է, ինչ հայոց պետության ու հայ ժողովրդի մի խումբ նվիրյալները` «Սասնա ծռեր» խմբի անդամները, ինչպես Հայաստանի ողջ բնակչությունը, զրկված լինելով իր սահմանադրական իրավունքների իրացման որևէ քաղաքակիրթ, օրինական հնարավորությունից, ստիպված եղան դիմելու Մարդու իրավունքների հռչակագրով նախատեսված՝ ժողովրդի ապստամբության իրավունքից բխող գործողությունների»։

Հայտարարության մեջ նշված էր, որ չնայած բանակցությունների արդյունքում «Սասնա ծռերը» բաց թողեց իր մոտ եղած բոլոր պատանդներին, «սակայն վարչախումբը չկատարեց եղած պայմանավորվածությունները»:

«Արդեն երրորդ օրն է, ինչ անջատել են ջրամատակարարումը, էլեկտրամատակարարումը, չեն տրամադրում սնունդ, դեղորայք: Չեն տրամադրում բուժօգնություն վիրավոր ապստամբին՝ խախտելով միջազգային ու մարդկային բոլոր նորմերը, փորձելով ապստամբներին մատնելու սովամահության»,- ասված է հայտարարությունում:

Նշվում է, որ համակարգող խումբը, կողմ լինելով բոլոր հարցերը խաղաղ ճանապարհով լուծելուն, դեմ լինելով խաղաղ ցուցարարների և իրավապահների միջև ամեն կարգի բախումներին, համոզված է, որ այս անգամ իշխանություններն իրենց մեջ ուժ կգտնեն ու կցուցաբերեն զսպվածություն ու ձեռնպահ կմնան ուժային գործողությունների դիմելուց, «որը հղի է անկանխատեսելի հետևանքներով»:

Համակարգող խումբը ցանկացած հնարավոր բախման մեջ տեսնում է նախագահի մեղավորությունը, նաև դիմում է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կազմակերպություններին, Կարմիր խաչին, որպեսզի ակտիվ միջամտություն ցուցաբերեն, օգնելու, խնդիրը բանակցային ճանապարհով, խաղաղ լուծելու համար:

«Մենք համոզված ենք, որ ստեղծված իրավիճակում, միայն յուրաքանչյուրիս ակտիվ մասնակցությունից, միասնականությունից ու վճռականությունից է կախված խաղաղ, անարյուն հանգուցալուծումը»,- ասված է հայտարարության եզրափակիչ մասում: