Գիշերը ՊՊԾ գնդի տարածքում վիրավորված և հիվանդանոց տեղափոխված Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել

18:11 • 26.07.16

Գիշերը փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում ստացած «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Հարությունյանի պաշտպան, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը:

«Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 219 րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով։ Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչում և ցուցմունք չի տալիս»,-ասաց նա:

Նշենք, որ 219-րդ հոդվածի 3-րդ մաս-ը սահմանում է՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը՝ զուգորդված՝ դրանք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, որը կատարվել է զավթածն ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։

235 հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից:

Հիշեցնենք, որ 29-ամյա Հովհաննես Հարությունյանն այսօր գիշեր ՊՊԾ գնդի տարածքում աջ ազդրի հրազենային վնասվածք է ստացել և աջ կրունկի հրազենային վնասվածք՝ ոսկորի կոտրվածքով: