Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարները ոստիկանության կոչով հեռացան Ազատության հրապարակ (թարմացված)

20:38 • 30.07.16

00:33

Ոստիկանությունը կոչ արեց Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին գնալ Ազատության հրապարակ և չխոչընդոտել մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը:

Ցուցարարները խաղաղ կերպով հեռանում են Բաղրամյան փողոցից դեպի Ազատության հրապարակ:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հայտարարությամբ՝ շուտով կբացվի փողոցի երթևեկությունը: Ոստիկանական պատնեշը նույնպես հեռացվում է:


_______________________________________________________________


Երթի մասնակիցները որոշեցին փոխել երթի ուղղությունը և շարժվել դեպի Բաղրամյան պողոտա։


Նրանք որոշեցին նաև, նստացույց սկսել և փակել պողոտան։

Ցույցի մասնակիցներին դիմավորեցին պատ կազմած ոստիկանները, որոնց առջև փշալար է անցկացված։   

__________________________________________________________________

21.55

Քիչ առաջ Ազատության հրապարակից սկսեց երթ դեպի Երևանի կենտրոն. Մաշտոց, Ամիրյան փողոցներ, Հանրապետության հրապարակ: Որոշվեց մի քիչ պտտվել Երևանի փոքր կենտրոնով` ցույց տալու համար, որ «մենք չենք վախեցել, մենք կանք և որ այսպես կլինի ամեն օր, մինչև չենք հասնի մեր և «Սասնա ծռերի» նպատակին:

Նախքան այդ հանրահավաքը վարող Ալբերտ Բաղդասարյանն ինքնակազմակերպման կոչով դիմեց հայ ժողովրդին՝ միասին որոշում կայացնել` ինչ անել, ուր գնալ:

«Եթե այդ որոշումը կլինի Խորենացի փողոցը գնալ, կգանք Խորենացի, եթե մնալ այստեղ և ժամանակ տալ, որ դադարեցնել կրակոցները, ես կես ժամից անձամբ իմ վրայից ցած եմ դնում ողջ պատասխանատվությունը հետագա գործողությունների համար։ Հետագա քայլերի ողջ պատասխանատվությունը կրելու ենք բոլորս հավասար»,-ասաց նա:

Քաղաքում շրջելու առաջարկը մի խումբ երիտասարդներինն էր, թեև մեկ այլ խումբ էլ պահանջում էր գնալ Խորենացի փողոց: Որոշ ժամանակ անց Ալբերտ Բաղդասարյանը հայտարարեց, որ վերջին, ամենաթարմ ինֆորմացիայով` կրակոցները դադարել են: Ալբերտ Բաղդասարյանն այս ընթացքում իր մի քանի ելույթներից մեկում ընդգծեց, որ սկսվել է «Սասնա ծռերին» ոչնաչացնելու սովետական, ԿԳԲ-ական ոճով օպերացի: Այն է` չկա մարդ , չկա գաղափար:

Նախքան երթի երթուղին հայտարարելը, Ալբերտ Բաղդասարյանը պահանջվեց, որ իրենց մոտ գան պաշտոնատար անձինք ու ԱԺ պատգամավորները ներկայացնեն,թե ինչ է կատարվում:

_______________________________________________________________

21.24

Աշխարհում ոչ մի երկրում չկա, որտեղ լրագրողների նկատմամբ բռնություններ են գործադրվում:


Այսօր հարթակում ներկա դերասանուհի Թամար Հովհաննիսյանը նկատեց, թե մամուլում եղել են մեկնաբանություններ, որ այս քանի օրը չի երևում, ուրեմն, սսկվել է:


«Հավատացեք, ինձ շատ դժվար է սսկացնել»,-ասաց դերասանուհին։ Նա իր խոսքն ուղղեց Ամենայն հայոց կաթողիկոսին`ասելով.«Գարեգին Բ, եթե դու, որ էդքան սիրում ես թանկ ժամացույցներ և թանկ, երևի, մատուցողուհիներ, իմացիր, դու էս ժողովրդին ոչ մի բանը չես, քո բոլոր ծառայողների հետ միասին, որոնք «Բենթլիներ» են քշում»։


Նրա խոսքով` նման կաթողիկոս հայ ժողովուրդը չի ունեցել, չունի և չի էլ ունենա:


Նա հավելեց. «Եթե 17 տարեկան երեխայի աչք են «ցխում», ուրեմն, դու Կաթողիկոս չես, մեր վառած մոմերի հաշվին հարստացած մուրացկան ես դու»:


Դերասանուհին կոչ արեց, որ մասնագետները դիմեն միջազգային այն կառույցներին, ոչ մի սենթ վարկ չտալ Հայաստանին որևէ ծրագրի համար, որովհետև դրանք սուտ են և չեն իրականացվում:


Իր խոսքում նա դիմեց հայ ժողովրդին` ասելով, որ հայ ժողովրդին հնարավոր չէ ծնկի բերել:


Նա դիմեց նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին` կոչ անելով ապահովել սկսվելիք երթի անվտանգությունը:

_____________________________________________________________________________________

20.38

Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը, որը վարում է «Ճգնաժամային նախաձեռնող խորհրդի» անդամ Ալբերտ Բաղդասարյանը: Նա հայտարարեց, որ «Ճգնաժամային նախաձեռնող խորհրդի»  բոլորը անդամները ձերբակալված են, ազատության մեջ է 4 հոգի:

Նա ասաց, որ չնայած բիրտ ուժին, մարդիկ, որոնք երեկ ձերբակալվել էին և գիշերն անցկացրել ՁՊՎ-ներում, նորից հրապարակում են:

«Մենք եկել ենք այստեղ նույն պահանջներով»,-ասաց նա:

Նշենք, որ հրապարակը բազմամարդ է: