Սարի թաղի և Խորենացի փողոցի գիշերվա իրադարձությունները՝ ամփոփ

09:32 • 30.07.16

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումից անցել է արդեն 14 օր: Այս գիշերը լարված է անցել և բախումներ են եղել քաղաքացիների և ոստիկաննների միջև: Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած։


ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրել է, որ ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել:  Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով, տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ըստ նախնական տվյալների՝ կա վնասված տեխնիկա: Բերման են ենթարկվել բազմաթիվ ցուցարարներ:

 
Նշենք, որ քաղաքացիական հագուստով անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության «ԺԱՄԸ» լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Կառլեն Ասլանյանը և Հովհաննես Մովսիսյանը, ինչպես նաև վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում աշխատող թիմի լրագրողուհի Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը։


ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյան հայտնել է, որ երբ հավաքի մասնակիցներից անջատված խումբը փորձել է Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել ոստիկանական պատնեշը, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված անձինք կրակ են բացել տարբեր ուղղություններով: Արդյունքում ոստիկանության մի ծառայող ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:


Ավելի վաղ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրել էր, որ խախտելով իրավապահների պահանջը՝ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվել և վիրավորվել է զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը, ով հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը՝ Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը: Նրանց ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն:

 

Ամփոփ տեղեկություններ ՊՊԾ գնդի գրավման մասին


Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին ցերեկը ԱԱԾ մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ  որ զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում  հայտնաբերվել են զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք:

 
Նախորդ գիշերը խուզարկություն է տեղի ունենեց «Սասնա ծռերի» նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանի բնակարանում։ Վերջինս ձերբակալված է և պահվում է ԱԱԾ-ում: Ըստ ԱԱԾ-ի՝ Ալեք Ենիգոմշյանը բերման է ենթարկվել կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը և շինությունները զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ու կասկածվում է օժանդակելու մեջ։ 


ՊՊԾ գնդի տարածքում գտնվող 2 բժիշկներն ու մեկ բուժքույրը շարունակում են մնալ գնդում: Երկու օր առաջ«Շտապ օգնության» բրիգադի բժիշկներին սնունդ ու դեղորայք է փոխանցվել:


ՊՊԾ գունդը գրաված խմբի հիմանական պահանջը մնում է նույնը՝ իշխանությունների հրաժարական, ինչպես նաև՝ հնչեցված առաջին պահանջը` Ժիրայր Սեֆիլյանի և մնացած բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը:


ՊՊԾ գնդի փոխհրաձգության արդյունքում ծանր վիրավորված Պավլիկ Մանուկյանը հացադուլ է հայտարարել «Էրեբունի» հիվանդանոցում ու հրաժարվում է ցավազրկող դեղորայքից՝ ի նշան իր հանդեպ ոստիկանների գործողությունների: Նրա որդի Արամը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ, ըստ Քրեակատարողական վարչության, ապահովված է բժշկական օգնության անհրաժեշտ միջոցներով


Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործողությունների արդյունքում հուլիսի 17-ի առավոտյան զոհվեց նշված ՊՊԾ գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը, իսկ երեք ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը վիրավորվեցին: Իսկ «Սասնա ծռերից» վիրավորվեց ջոկատի անդամ, 26-ամյա Թաթուլ Թամրազյանը:


Նշենք, որ իրավիճակը, հատկապես, լարված էր հուլիսի 20-ին, երբ ցուցարարների ու ոստիկանների միջև տեղի ունեցան կոշտ բախումներ, կիրառվեցին լուսաձայնային նռնակներ, այն բանից հետո, երբ ցուցարարներից ոմանք քարեր ու «պուգաչներ» նետեցին ոստիկանների ուղղությամբ:

Այս գործողությունների հետևանքով հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը մայրաքաղաքի տարբեր բուժկենտրոններ «գազային թունավորում» և «սալջարդ» ախտորոշումներով տեղափոխվեց 51 անձ՝ ոստիկաններ ու քաղաքացիներ, որոնց կյանքին, բարեբախտաբար, ինչպես հաղորդվեց, վտանգ չի սպառնում:

Անազատության մեջ պահվող ոստիկաններին ազատ արձակելուց 1 օր առաջ, հիշեցնենք, Հայաստանի Հանրապետության Նախագահը, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Դատախազության և Քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցությունից հետո հայտարարեց, որ Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու և կոչ արեց զինված խմբին՝ ժամ առաջ վայր դնել զենքը:

«Եվ դա երբեք մենք թույլ չենք տալու: Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի և մեր հասարակության, պետության հասունության կարևորագույն քննություն: Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինյալներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն և իրենց սադրիչ գործողություններով չվտանգել ուրիշների կյանքը»,-կոչ արեց Նախագահ Սերժ Սարգսյանը:

Իսկ իրավապահ մարմինների ղեկավարներին էլ հանձնարարվեց գործունեությունը շարունակել խստագույն զսպվածությամբ՝ օրենքի շրջանակներում, ինչպես նաև՝ ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցներն իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու համար:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր տեսակետը ներկայացրեց նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով հույս է հայտնեց, որ «Հիմնադիր խորհրդարանի»՝ ավելի վաղ կալանավորված անդամ Ժիրայր Սեֆիլյանը սառը կդատի ու ողջամիտ որոշումներ կկայացնի խնդրի վերաբերյալ։

Մովսես Խորենացի փողոցում կատարվող իրադարձությունները ունեցան նաև ակտիվ միջազգային արձագանք. եղան ՀՀ ԵՄ պատվիրակության, ՌԴ ԱԳՆ-ի և ԱՄՆ Պետքարտուղարության արձագանքները, որոնցում դատապարտվում էր զենքի միջոցով ոստիկանական շենքի գրավումը: