Ոստիկանները փորձում են մտնել երգահան Եղիշե Պետրոսյանի տուն
Ոստիկաններն այս պահին շրջապատել են Ազատության հրապարակի ցույցին ու երթին մասնակցած հայտնի երաժիշտ Եղիշե Պետրոսյանի տունը ու ուզում են նրան բերման ենթարկել, Tert.am-ի հետ զրույցում ասաց Եղիշե Պետրոսյանը:
«Երկու անգամ ուզեցել են ներս գան, մերոնք չեն թողել: Ոչինչ չեն ասել, ուղղակի ուզում էին ինձ տեսնել, իսկ ես ինձ ահավոր վատ եմ զգում երեկվանից: Հիմա շտապօգնություն են մերոնք կանչել: Սիրտս վիրահատված է, երեկ ես լարվածությունից շատ վատացա»,- ասաց երգահանը:
Հարցին, թե հնարավո՞ր է իր նկատմամբ էլ է բռնություն գործադրվել, նա ասաց. «Չէ, ես Սարի թաղ բարձրանալու ժամանակ վատացա, բարձրանալուց, ինձ բնակիչներն են օգնություն ցույց տվել, շտապօգնություն են կանչել: Ես էնտեղ եմ անցկացրել»:
Եղիշե Պետրոսյանը ենթադրում է, որ իրեն ուզում են ձերբակալել: Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում հավաքվածներին Եղիշե Պետրոսյանը, ներկայացնելով երթուղին, ասաց, որ վերջնակետը լինելու է Խորենացու փողոցը: Սակայն անսպասելի կերպով ցուցարարները Սարի թաղ մտան, որտեղ էլ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառելով ցրեց ցույցը:










