Ինքնահրկիզված քաղաքացին շոկից դուրս է եկել, հայտնի չէ՝ կյանքը կհաջողվի՞ փրկել, թե՞ ոչ
Հուլիսի 30-ին Երևանի Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնի չէ, նրա կյանքը կհաջողվի՞ փրկել, թե՞ ոչ: Այս մասին Tert.am-ին փոխանցեց Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանցը:
Նա նաև տեղեկացրեց, որ քաղաքացին շոկից դուրս է եկել, նա վերակենդանացման բաժնում է, ծանր հիվանդ է համարվում: Ըստ նրա՝ 58-ամյա տղամարդը վիճակը «դեռ պետք է վատանա, ոչ թե լավանա»:
«Հիմա ամենածանր շրջանն է, ոնց կտանի, չենք կարող ասել: Հիմա նրա մոտ թունավորման ժամանակ է սկսվելու, էնպես որ որևէ բան ասել դժվարանում եմ: Այվածքն ինքը թույն է, որը մտնում է օրգանիզմի մեջ, սեպսիս (արյան վարակ – Tert.am) է սկսվելու հաստատ, կստացվի՞ կյանքը փրկել, թե՞ ոչ, դեռ հայտնի չէ: Ինքը ծայրահեղ ծանր հիվանդ է: Թուլացած մարդ է, թմրամիջոցներ է օգտագործել, գրանցված է հոգեբուժարանում: Նրա մարմնի մակերեսի 50 տոկոսն այրված է, գումարած 20 տոկոս շնչափողն է այրված: Երբ բենզինը լցրել է գլխին, ներս էլ է գնացել»,-ասաց Դավիդյանցը:
Հիշեցնենք, որ հանրահավաքի ժամանակ ինքնահրկիզված տղամարդուն բժշկական կենտրոն էին տեղափոխել ցուցարարները:










