«Սասնա ծռերի» անդամ Սեդրակ Նազարյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է. վիճակը կայուն ծանր է
Հուլիսի 31-ին, ժամը 9.30-ի սահմաններում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված «սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, ով վիրահատության էր ենթարկվել, կայուն ծանր վիճակում է:
«Կրծքավանդակի առաջնային պատի թափանցող վնասվածքով զինյալ խմբի անդամը վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը գնահատվում է կայուն ծանր»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Խոսնակը նաև ասաց, որ «Սասնա ծռերի» դեպքերի հետ կապված այսօր հիվանդանոցներից դուրս է գրվել 5 հիվանդ՝ 3 քաղաքացի և 2 ոստիկան: Այսպիսով՝ ներկա դրությամբ ՊՊԾ գնդի գրավման ու ցույցերի ընթացքում վիրավորվածներից հիվանդանոցներում բուժում է ստանում 20 հիվանդ:
Առողջապահության նախարարի խոսնակը նաև ասաց, որ ծանր է նաև ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման արդյունքում հուլիսի 17-ին կրծքային-որովայնային հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը։ «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում գտնվող ոստիկանի մոտ վիրավորումից վնասվել են լյարդը, բարակ և հաստ աղիները, ստոծանին, ինչպես նաև թոքերը։ Կլինիկայի մասնագետները փուլ առ փուլ պայքարում են հիվանդի վիճակը բարելավելու համար։ Ոստիկանը երեկ երրորդ անգամ վիրահատվել է։










