«Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Մելքոնյանի նկատմամբ ի սկզբանե ընտրված չի եղել կալանքը որպես խափանման միջոց

12:02 • 04.08.16

Նախօրեին ստորագրությամբ ազատ արձակված «Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Մելքոնյանի նկատմամբ ոչ թե փոխվել է խափանման միջոցը՝ կալանքից ստորագրության՝ չբացակայելու մասին, այլ՝ չբացակայելու մասին ստորագրությունն ի սկզբանե եղել է:

Գևորգ Մելքոնյանի  նկատմամբ կալանք սահմանելու միջնորդություն քննիչը չի ներկայացրել դատարան, իսկ դատախազը հաստատել է քննիչի որոշումը:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

Փաստորեն, նա միակն է «Սասնա ծռեր» խմբից, որը կալանավորված չէ:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր հրապարակել, թե խմբի որոշ անդամներ ՊՊԾ գնդի տարածքում պահվում են իրենց կամքին հակառակ ու տարածել էր պնդումը փաստող ձայնագրություններ նույն Գևորգ Մելքոնյանի և Արթուր Մելքոնյանի հեռախոսազրույցներից: 

Մասնավորապես, երբ վերջինս Գևորգին ասում է՝ «հոսանքի տակ ես ընկել, գնացել ես», նա ասում է. «Մենակ ես չէ, սաղս: Ոչ թե հոսանքի տակ ենք եկել, այլ խաբված ենք եկել»:

Ավելի ուշ նա ինքը հայտարարեց, որ եթե իմանար` ինչի են գնում, չէր գնա. «Մենք չենք իմացել, որ սենց բան պետք ա  լինի,  նենց չի մենակ ես, սաղ: Ասել են` խաղաղ ցույց ա լինելու, գնանք»:

Հիշեցնենք նաև, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին պաշտպանելու համար ձևավորված պաշտպանական խմբի անդամները ևս նրան չեն պաշտպանում`պատճառաբանելով, թե նրա հարազատները չեն դիմել: