Էրդողանի գլխավոր նպատակը ոչ թե Աթաթուրքին գերազանցելն է, այլ՝ նրան հակադարձելը. Հասան Ջեմալի հոդվածը
Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը՝ գրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, թուրքական T24 լրատվական կայքում հոդվածով է հանդես եկել՝ համեմատելով Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին և ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նա զուգահեռներ է անցկացրել Աթաթուրքի և Էրդողանի միջև և ընթերցողի ուշադրությունը հրավիրել Էրդողանի սուլթանական ձգտումներին ու նույնիսկ իր փառքով Աթաթուրքին անցնելու ձգտմանը:
Անդրադառնալով Թուրքիայում ներկայում տեղի ունեցող իրադարձություններին՝ Ջեմալը նշում է. «1971թ.-ի մարտի 12-ի ռազմական հեղաշրջումն ու բոլորիս՝ այդ թվում և իմ ապրած արյունոտ ժամանակաշրջանը հիշեցի հենց 2016թ.-ի օգոստոսի 7-ին կայացած Ստամբուլի հանրահավաքին»:
Ըստ նրա՝ հատկապես ուշադրություն էր գրավում հանրահավաքի ժամանակ հրապարակի մի հատվածում փափախավոր Աթաթուրքի հսկայական նկարի, մեջտեղում թուրքական դրոշի և դրա կողքին էրդողանի լուսանկարի առկայությունը: Նա նշում է, որ հասարակության շրջանում հաճախ սկսել են հնչել հետևյալ հայտարարությունները. «Մեր Երկրորդ ազատագրական պատերազմը (առաջինը նկատի ունի 1923թ.-ի Աթաթուրքի վարած ազգայնական շարժումը, որը Թուրքիայում կոչել են «Փրկության պատերազմ»-Խմբ.). գլխավոր հրամանատար Էրդողա՜ն: Արևմտյան թշնամանք… Եվրոպական, ամերիկյան թշնամություն»:
Հասան Ջեմալը գրում է, որ Արևմուտքի դեմ ծավալվող երկրորդ «Փրկության պատերազմում» իսլամական և կրոնական մոտիվները գերիշխող են՝ ընդգծելով. «Էրդողանը ցանկանում է գերազանցել Աթաթուրքին: Դրա համար Չանքայայի ամրոցից (մինչև 2014թ. այն հանդիսացել է Թուրքիայի նախագահի նստավայրը-Խմբ.) տեղափոխվել է Պալատ (Էրդողանի ներկայիս հսկայական նստավայրը-Խմբ.): Նախագահական պալատի տարածքում մզկիթ է կառուցել: Նախագահը պալատի այգին վերածել է կանաչ դրոշներով, Ալլահին ուղղված կարգախոսներով զանգվածային ցույցի թատերաբեմի»:
Ըստ Ջեմալի՝ դրանք նշաններ են: «Էրդողանն այդ նշաններով կոնկրետ ցույց է տալիս, որ աշխարհիկության և ապրելակերպ վարելու տեսանկյունից չի սիրում Աթաթուրքին»:
Իր հոդվածը Հասան Ջեմալը եզրափակում է. «Էրդողանի գլխավոր նպատակը ոչ թե Աթաթուրքին գերազանցելն է, այլ՝ նրան հակադարձելը»։










