Աշտարակի գործող քաղաքապետը կինքնաառաջադրվի առաջիկա ՏԻՄ ընտրություններում

14:50 • 16.08.16

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի փոխանցմամբ` սեպտեմբերի 18-ին նշանակված ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ի թիվս այլ մարզերի, տեղի կունենան նաև Արագածոտնի մարզում:

Ըստ ԿԸՀ պաշտոնական կայքի` Աշտարակում արդեն ինքնաառաջադրվել է երկու թեկնածու` ՀՀԿ-ական Աշոտ Լիպարիտի Ղալաչյանն ու ԲՀԿ-ի աջակցությունը ստացած Արշալույս Սարգսի Մեջլումյանը:

Աշտարակի գործող քաղաքապետ Արմեն Անտոնյանի թեկնածությունն առաջադրված չէ ՀՀԿ-ի կողմից, ում աջակցությամբ նա ընտրվել էր Աշտարակի քաղաքապետ:

«Այս տարվա ՏԻՄ ընտրություններին ես ինքնաառաջադրվելու եմ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Անտոնյանը, պատասխանելով հարցին, թե իր թեկնածությունն առաջադրելո՞ւ են, թե՞ ոչ:

Նշենք, որ Արմեն Անտոնյանը Աշտարակի քաղաքապետ է ընտրվել 2012 թվականի սեպտեմբերի 24-ին, իսկ մինչ այդ աշխատում էր «Մետէքսիմ» ՍՊԸ-ում որպես փոխտնօրեն: