ԱՄՆ-ն սկսել է միջուկային ռումբերը Թուրքիայից տեղափոխել Ռումինիա. լրատվամիջոցներ

13:13 • 18.08.16

ԱՄՆ-ն սկսել է միջուկային զենքերը Թուրքիայից տեղափոխել Ռումինիայում գտնվող «Դևեսելու» բազա: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով EurActiv բրյուսելյան ինտերնետային թերթին, որն էլ վկայակոչում է սեփական աղբյուրներին:

 

«ԱՄՆ-ն սկսել է միջուկային զենքը Թուրքիայից տեղափոխել Ռումինիա՝ Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին»,- գրում է կայքը:

 

Կայքի տվյալներով՝ գործողությունը բարդություն է ներկայացնում «ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական առումով»:

 

«Հեշտ չէ տեղափոխել 20 միջուկային ռումբ»,- ասել է աղբյուրներից մեկը:

 

EurActiv-ի աղբյուրի խոսքով՝ զինվորականների անհաջող ապստամբությունից հետո ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններն այնքան են վատթարացել, որ Վաշինգտոնն այլևս չի վստահում Անկարային միջուկային զենքի պահպանությունը:

 

«Ռումինական «Դևեսելու» բազան ամերիկյան հակահրթիռային վահանի տեղակայման նոր վայրն է, ինչը վրդովեցնում է Ռուսաստանին»,- նշում է EurActiv-ը:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: