Իշխանությունները քննարկում են ստորագրված ընտրացուցակները հրապարակելու հարցը. Վահրամ Բաղդասարյան

17:12 • 18.08.16

Իշխանությունները քննարկում են առաջիկա խորհրդարանական ընտրություններում ստորագրված ցուցակները հրապարակելու հարցը, որին նախկինում դեմ էին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:

Ցուցակների հրապարակման պահանջը տարիներ շարունակ ընդդիմության առանցքային պահանջն է եղել, բայց իշխանությունները չեն համաձայնել բավարարվել այն, որովհետև, ինչպես ասաց Վահրամ Բաղդասարյանը, դրան Վենետիկի հանձնաժողովն է դեմ եղել:

Հիմա, խորհրդարանում իշխող մեծամասնության ղեկավարի խոսքով, ցուցակների հրապարակման տարբերակը քննարկվում է, որովհետև պայմանավորվածությունը ընտրողներից 10 մատնահետքերը վերցնելու վերաբերյալ տեխնիկական պատճառներով մինչև մարտին կայանալիք ընտրություններ ապահովել չի հաջողվում:

«Նման քննարկումներ կան, որովհետև լեհական կողմը, որի հետ պայմանավորվել էինք մատնահետքերի հետ կապված հարցը ժամկետներում չի հասցնում ու բնականաբար, մենք պատրաստակամություն ենք հայտնել նման տարբերակը քննարկելու»,-ասաց պատգամավորը:

Վահրամ Բաղդասարյանը շեշտեց, որ ընտրացուցակների հրապարակման տարբերակը միայն քննարկվում է, վերջնական չէ, քննարկվում են ևս մի քանի տարբերակներ, օրինակ՝ 2 մատնահետք վերցնելու տարբերակը:

«Հանրապետական» խմբակցության ղեկավարն ասաց, որ եթե, այնուամենայնիվ, քննարկումների արդյունքում որոշվի հրապարակել ընտրացուցակները, ապա իրենք կքննարկեն հարցը նաև Վենետիկի հանձնաժողովի հետ:

Նա տեղեկացրեց, որ հարցի շուրջ բանակցություններ են վարվում ոչ միայն ընդդիմության, այլև՝ միջազգային կազմակերպությունների հետ: