Եթե ՌԴ ԱԳՆ-ն չօգնի, ոչ ոք չի կարող օգնել նրան․մտերիմ ընկերը Բաքվում ձերբակալված հայազգի Մարատ Ուելդանովի մասին
Առաջին հերթին մենք Ռուսաստանի ԱԳՆ-ի ուշադրությունն էինք գրավում, որ նրանք կարողանան օգնել դուրս հանենք անմեղ մարդուն այն սարսափելի վայրից, որտեղ որ հիմա նա գտնվում է․Tert.am-ին Մոսկվայում օգոստոսի 23-ին մեկանձնյա բողոքի ակցիայի մասին պատմեց Ռուսաստանի քաղաքացի Ելենա Մակարենկոն:
Նա Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի մտերիմ ընկերն ու գործընկերն է, ում հունիսի 9-ից ձերբակալել և անազատության մեջ են պահում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: Մարատ Ուելդանով-Գալուստյանի հետ ձերբակալել էին նաև գործընկերներին: Ելենա Մակարենկոյին 15 օր անազատության մեջ պահելուց հետո, նրա ընտանիքի ջանքերի շնորհիվ, ազատ են արձակել:
«Ես 1000, 100 տոկոսով համոզված եմ, որ մեղադրանքն անհիմն է ներկայացված: Ես անգամ ապացույցներ ունեմ: Երբ ինձ էլ էին ձերբակալել, մեր երկու ընկերներին՝ երկու ադրբեջանցիներին, և երբ մեզ բոլորիս հարցաքննում էին, հարցեր էին տալիս միայն Մարատի ազգության և լրտեսության մասին, ոչ մի անգամ չհիշատակվեց թմրանյութերի մասին: Ես պարզապես ապշած էի, երբ տեղեկացա, որ նրան մեղադրում են թմրանյութեր պահելու մեջ»,-պատմեց Ելենա Մակարենկոն:
Հիշեցնենք, որ Մարատը Ադրբեջանում մեկ տարուց ավելի է աշխատել, սակայն քանի որ անձնագրում նշված էր ոչ թե իր հայկական ազգանունը, այլ կնոջ, երբեք չի հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը Ռուսաստան է տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ, երբ պատերազմ է սկսվել: Այստեղ աշխատում էր ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում է հյուրանոցային բիզնեսով: Եղել է բազմաթիվ երկրներում՝ այդ թվում Թուրքիայում, Մալդիվներում և այլն: Վերջին տարում տեղափոխությունը եղել է Բաքու: Ըստ Ելենա Մակարենկոյի՝ Մարատը պարբերաբար Բաքվից դուրս էր գալիս, ապրիլին էլ մեկնել է Ադրբեջանից, հետո՝ հունիսի 6-ին վերադարձել, որ մասնակցի «Ֆորմուլա 1»-ի կազմակերպչական աշխատանքներին․այդ օրերին էլ ձերբակալվել է:
Ելենա Մակարենկոն նշեց, թե ինքը վստահ է, որ իրենց նկատմամբ մինչ Մարատի վերջին այցը Բաքու, հսկողություն չի սահմանվել․միայն Մարատի վերջին այցից հետո ադրբեջանական հատուկ ծառայությունները հետևել են նրանց:
«Երբ նա վերջին անգամ եկավ Բաքու, մենք ամբողջ ընթացքում միասին էինք. հնարավոր բան չէր, որ նա թմրանյութերի գործով զբաղվեր: Հետո հարց է առաջանում. ինձ ինչո՞ւ ձերբակալեցին, ես ազգությամբ հայուհի չեմ, ռուս եմ․ Ռուսաստանի քաղաքացի եմ, ես չունեմ Հայաստանի հետ որևէ կապ: Ոչ մի անգամ Հայաստանում չեմ եղել և առաջին անգամ էի Ադրբեջանում: Ես քաղաքականության հետ էլ ոչ մի կապ չունեմ․ գիտեի, որ եղել է ԼՂ-ին վերաբերող կոնֆլիկտ, եղել է տարածքային կոնֆլիկտ Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց ես չգիտեի, որ այդ կոնֆլիկտն այդքան սուր է հիմա, ոչ ոք մեզ այդ մասին չի զգուշացրել: Մենք չգիտեինք, որ այդ երկու երկրները գտնվում են պատերազմի շեմին»,- ասաց Ելենա Մակարենկոն:
Իր հայազգի ընկերոջ մասին միայն դրական խոսքեր ասաց․ «Մարատը հրաշալի անձնավորություն է, նա խաղաղության մարդ է, շատ հեռու է քաղաքականությունից: Մենք միասին խաղաղ, համերաշխ աշխատել ենք»:
Հիմա, ըստ Ելենա Մակարենկոյի, նրանք իրենց գործընկերոջ մասին տեղեկատվություն չունեն․«Միայն մեկ անգամ Ռուսաստանի դեսպանատնից մարդիկ են գնացել նրա մոտ, Մարատը նամակ է փոխանցել: Գրել է, որ իր մոտ ամեն ինչ լավ է: Բայց ես այնտեղ 15 օր մնացել եմ, գիտեմ, թե ինչպես կարող են նրա հետ վարվել: Մինչ հիմա ես սարսափների մեջ եմ: Ինձ հարցաքննում էին 3 քննիչներ միաժամանակ, ինձ չէին թողնում, որ լվացվեմ, հագուստ չէին տրամադրում, արյանս ճնշումն անընդհատ տատանվում էր: Ինձ ասում էին, որ ես 15 տարի կնստեմ: Ինձ վախեցնում էին»:
Ելենա Մակարենկոն վստահ նշեց, որ Ռուսաստանն իր քաղաքացուն անօգնական չի թողնի: «Ես համոզված եմ, որ ինչ-որ բան արվում է: Հնարավոր է, որ հիմա տարվում են բանակցություններ, պարզապես հիմա այդ մասին չի բարձրաձայնվում: Մենք շատ ենք ցանկանում, որ ամեն ինչ արագ լուծվի, որովհետև պատկերացնում ենք, թե հիմա Մարատն ինչ վիճակում է գտնվում: Դուք ինքներդ էլ պատկերացնում եք, որ Ադրբեջանում ցանկացած հայ թշնամի է․ և նրա հետ ամեն ինչ կանեն»:
Այսօր Ռուսաստանի ԱԳՆ-ի մոտ անցկացրած ակցիայի մասին էլ պատմեց, որ ոչ ոք ԱԳՆ-ից չմոտեցավ, բայց ամեն ինչ հարթ ընթացավ․ «Ոչ ոք մեզ չվռնդեց, չվիրավորեց, չսպառնաց: Մեզ ուշադիր հետևում էին, ոչ մի խոչընդոտ չկար: Ինչքան ցանկացանք, այնքան էլ մնացինք: Բայց սա դեռ սկիզբն է: Առաջին անգամ նման ակցիա արեցինք: Նախորդ շաբաթ Ռուսաստանի ԱԳՆ-ից մեզ հետ կապ հաստատեցին, նրանք ի զարմանս ինձ, հենց ինձ հետ կապ հաստատեցին, ոչ թե նրա ընտանիքի կամ փաստաբանի հետ: Խոստացան, որ կօգնեն Մարատին փաստաբանի հարցում, և դա մեծ բան է․ Ադրբեջանում գտնել փաստաբան, որ կպաշտպանի Մարատին և նրա շահերը, անհնար է: Եթե Ռուսաստանի ԱԳՆ-ն չօգնի, ոչ ոք չի կարող օգնել Մարատին: Նա դեռ 33 տարեկան է և շատ լավ մարդ է»:










