Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 14-ի. Ամատրիչե քաղաքի «կեսն արդեն չկա» (թարմացված, լուսանկարներ)
10.05
Վերջին տվյալների համաձայն՝ առնվազն 14 մարդ է զոհվել Իտալիայի կենտրոնական հատվածում լույս չորեքշաբթի տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով, հայտնում են իտալական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ տեղեկություն կար 6 զոհի մասին:
Վերջին տվյալների համաձայն՝ Ակումոլի քաղաքում մահացել է առնվազն 6 մարդ, ևս երկուսը մահացել են Արկուատա դել Տրոնտոյում, 5-ը՝ Ամատրիչեում: Բացի այդ, Պեսկարա դել Տրոնտո քաղաքում երեխա է մահացել, նրա ծնողները գտնվում են փլատակների տակ:
6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, սեյսմոլոգների տվյալներով, տեղի է ունեցել տեղի ժամանակով 03:36-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ակումոլի քաղաքի մոտակայքում։
5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է ժամը 04:34-ին՝ Ումբրիա մարզում: Ցնցումները զգացվել են Կենտրոնական Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում և Բոլոնիայում:
8.59 Իտալիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի և հետցնցումների հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել են երկրի իշխանությունները, գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իտալական RAI հեռուստաալիքին:
«Չորս մարդ հայտնվել է փլատակների տակ, բայց նրանք կյանքի նշաններ ցույց չեն տալիս՝ 2 ծնող և 2 երեխա»,- հայտնել է Ակումոլի քաղաքի քաղաքապետ Ստեֆանո Պետրուչին:
Ավելի վաղ հայտնի է դարձել երկու զոհի մասին Արկուատա դել Տրոնտո իտալական քաղաքում:
Երկրաշարժերի պատճառով Facebook սոցիալական ցանցն Իտալիայում ակտիվացրել է Safety Check գործառույթը:
Իտալական Ամատրիչե քաղաքի քաղաքապետ Սերջիո Պիրոցին էլ RaiNews24 հեռուստաալիքի եթերում պատմել է երկրաշարժի հետևանքների մասին՝ նշելով, որ «քաղաքի կեսն արդեն չկա»:
«Քաղաքի կեսն արդեն չկա: Մարդիկ թակարդվել են փլատակների տակ»,- ասել է Պիրոցին՝ հավելելով, որ քաղաքի մուտքերն արգելափակված են, և մարդկանց ազատելու համար օգնություն խնդրելով:
Հիշեցնենք, որ Իտալիայի կենտրոնական հատվածում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 01.36-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լ՛Ակուիլ քաղաքից 48կմ դեպի հյուսիս: Ցնցումների օջախը գտնվել է 10կմ խորության վրա:


















