Արմավիր-Գյումրի ճանապարհին զինծառայողների՝ մահվան ելքով ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ. Քննչական կոմիտե

12:49 • 26.08.16

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 25.08.2016թ. ժամը 16:10-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Գետափ հատվածում ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան Ալեքսանդր Սվիտկոյի կողմից վարվող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի աջ կողնակ և կողաշրջվել ձորակի մեջ:

Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից ավտոմեքենայի ուղևոր, ՌԴ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Պետրոսյանը տեղում մահացել է, իսկ Ա. Սվիտկոն անգիտակից վիճակում տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել  է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ: