Գերմանացի պաշտոնյաներին թույլ կտանք այցելել «Ինջիրլիք», եթե Գերմանիան վերանայի իր դիրքորոշումը. Չավուշօղլու

14:51 • 29.08.16

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք կթույլատրեն գերմանացի պաշտոնյաներին այցելել Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազա, եթե վերջիններս վերանայեն իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, գրում է «Միլլիյեթ»-ը։ 

«Մենք թույլ չենք տա, որ մեր տարածք մտնեն նրանք, ովքեր խաղում են մեր պատմության ու մեր անվան հետ: Այս րոպեից սկսած գերմանացի պաշտոնյաների «Ինջիրլիք» այցելել-չայցելելու հարցը կախված է միմիայն Գերմանիայից», - ասել է Չավուշօղլուն:  

 

Հիշեցնենք, որ Բունդեսթագը հունիսի 2-ին կայացած քվեարկության ժամանակ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, ինչից հետո Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին:

 

Բանաձևում, որում օգտագործվում է «ցեղասպանություն» եզրույթը, նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրության տարածքում սկսված հայերի ու այլ քրիստոնյա փոքրամասնությունների տեղահանության ու կոտորածների զոհերի հիշատակի առաջ և սգում երիտթուրքերի իրականացրած և Օսմանյան կայսրության տարածքում հայերի գրեթե ամբողջությամբ բնաջնջման պատճառ դարձած քայլերի համար։


Ընդունված բանաձևում ընդգծվում է Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիայի դերակատարությունը Հայոց ցեղասպանության հարցում։


Գերմանիան այս բանաձևով հայերին ու թուրքերին կոչ է անում հաշտության հիմքեր ստեղծել անցյալի գերեզմանների վրա և նշում, որ իրենք պատրաստ են աջակցել դրան։