Աղավնաձորում երեխաներին դպրոց չեն տարել՝ ի նշան մթերված խաղողի գումարը չստանալու դեմ բողոքի

12:41 • 01.09.16

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում այսօր ծնողները երեխաներին դպրոց և մանկապարտեզ չեն տարել՝ ի նշան գրեթե մեկ տարի առաջ մթերված խաղողի դիմաց գումար չստանալու բողոքի:


Tert.am-հետ զրույցում Աղավնաձորի բնակիչներից մեկը նշեց, որ նրանք գումար չունեն երեխաների հագուստի, գրքերի համար և շատ հուսահատված են:


Ի դեպ, այս բողոքի ակցիան շարունակելու են նաև վաղը, մինչև չստանան իրենց գումարները:

Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղացիներն այդ կերպ պահանջում են ստանալ դեռևս նախորդ տարի խաղողի մթերման պարտքը, որը կազմում է 140 մլն դրամ:


Գյուղացիների մի մասն իրենց խաղողը հանձնել է «Վեդի Ալկո» ընկերությանը, իսկ ընկերությունը գյուղացիներին պարտք է 140 մլն դրամ: Հենք այս պահանջով էլ գյուղացիներն իրենց բողոքն են արտահայտում»:

Հարցին, թե ինչ է նախատեսվում առաջիկայում, հաշվի առնելով, որ համայնքի բնակիչներն ասում են, որ մինչև իրենց գումարները չստանան իրենց բողոքը շարունակելու են, Աշոտ Գալստյանն ասաց, որ այսօր գյուղում նիստ է գումարվելու, ինչից հետո էլ անելիքները պարզ կլինեն։

 
«Այսօր՝ ժամը երեքին նիստ է տեղի ունենալու գյուղացիների, Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և «Վեդի Ալկոյի» տնօրենի մասնակցությամբ: Նիստի ընթացքում հարցերը կքննարկվեն»: