Ղազախստանի նախագահը պատրաստվում է սեպտեմբերի 3-ին Ուզբեկստան ժամանել. լրատվամիջոցներ

10:51 • 02.09.16

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պատրաստվում է սեպտեմբերի 3-ին ժամանել Ուզբեկստան: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ղազախստանի կառավարությունում աղբյուրների:

 

Ավելի վաղ Ուզբեկստանի կառավարությունը հայտնել է, որ նախագահ Իսլամ Քարիմովը ծայրահեղ ծանր վիճակում է:

 

Օգոստոսի 30-ին «Ֆերգանա» գործակալությունը հայտնել էր Ուզբեկստանի առաջնորդի մահվան մասին:

 

Reuters-ը, վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրի, հայտնել է, որ Ուզբեկստանի նախագահի հայրենիքում՝ Սամարղանդում, հնարավոր է, պատրաստվում են նրա հուղարկավորությանը: Գործակալության տվյալներով՝ այժմ ընթանում են քաղաքի կենտրոնական փողոցների մաքրման աշխատանքներ:

 

Գործակալության տվյալներով՝ պաշտոնապես Քարիմովի մահվան մասին կհայտարարեն ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 2-ին: 78-ամյա նախագահի հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ սեպտեմբերի 3-ին: Նշվում է, որ Քարիմովի մարմինը տեղափոխող կառավարական ինքնաթիռն արդեն դուրս է եկել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդից դեպի Սամարղանդ: