Սամարղանդում տեղի է ունեցել Իսլամ Քարիմովի հուղարկավորության արարողությունը (թարմացված)
14.48
Սամարղանդում տեղի է ունեցել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հուղարկավորության արարողությունը, հայտնում է lenta.ru-ն։
Քարիմովի մարմինը հողին են հանձնել մահմեդական սովորույթների համաձայն՝ «Շահի-Զինդա» հնագույն համալիրի հարևանությամբ գտնվող գերեզմանոցում՝ նրա ծնողների կողքին։
14.29
Սամարղանդի կենտրոնական՝ Ռեգիստան հրապարակում Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին վերջին հրաժեշտը տալուց հետո, նախագահի մարմինը թաղման վայր են հասցրել ձեռքերի վրա՝ 21 մետրանոց սավանով փաթաթված՝ ինչպես պահանջում է մահմեդական սովորույթը: Այս մասին РИА Новости գործակալության թղթակիցներին պատմել են թաղման արարողությանը մասնակցող դիվանագետները:
Ականատեսների պատմածների համաձայն՝ հրապարակից մինչև հուղարկավորության վայր Քարիմովի մարմինը տարել են նրա հարազատներն ու մտերիմ մարդիկ:
Քարիմովի մարմինը հողին կհանձնվի «Շահի-Զինդա» հնագույն համալիրում՝ իր ծնողների կողքին:
Ուզբեկստանի նախագահին վերջին հրաժեշտը տալու էին գնացել հազարավոր մարդիկ՝ քաղաքացիներ, քաղաքական գործիչներ, արտասահմանյան պատվիրակություններ:
Ուզբեկստանում եռօրյա սուգ է հայտարարվել:
Սեպտեմբերի 2-ին հաղորդվել էր, որ Ուզբեկստանում կյանքի 79-րդ տարում մահացել է երկրի նախագահ Իսլամ Քարիմովը:
Իսլամ Քարիմովն Ուզբեկստանը ղեկավարել է 1990 թվականից ի վեր: Երկրի անկախացումից հետո 1991-ին Քարիմովն ընտրվել է երկրի նախագահ:
Կարող եք կարդալ նաև՝
Տաշքենդի հազարավոր բնակիչներ ճանապարհել են Քարիմովի դիակառքը (լուսանկարներ, տեսանյութ)










